Ազգային Ժողովի նորընտիր պատգամավոր, Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Վրեժ Մարկոսյանը լավ է պատկերացնում աշխատանքն Ազգային ժողովում: Այդ մասին պատգամավորն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Հարցին, թե ո՞րն է լինելու իր առաջին օրենսդրական նախաձեռնությունը, պատգամավորը պատասխանեց. «Դեռ չեմ կարող ասել, դիմեք ավելի փորձառու պատգամավորներին: Ես նոր եմ գնում, որտեղի՞ց իմանամ», համենայն դեպս հավելելով. «Ես լինելու եմ այն պատգամավորներից, ով քվեարկելու է հօգուտ ժողովրդի, հօգուտ երկրի»:
Նա նաեւ իր ուժերի ներածին չափով աշխատելու է Ապարանի տարածաշրջանի համար, որտեղից պատգամավոր է ընտրվել: «Անելու եմ հնարավորը, միայն լավը: Սպորտի պալատ ենք սարքելու, շատ բաներ կան, որ պետք է արվեն: Հիմա չասեմ, որ հետո չասեք` մնաց կիսատ»,- նշեց նա:
Թիվ 14 ընտրատարածքում Վրեժ Մարկոսյանը ստացել էր 18 հազար 408 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից, ԲՀԿ-ն ներկայացնող Բազմասեր Առաքելյանը` 15 հազար 326 քվե: Վրեժ Մարկոսյանը նշեց, թե արդյունքներն իր համար անակնկալ չէին: «Ես վստահ էի հաղթանակի մեջ»,- նշեց նա եւ հավելեց, որ համագործակցելու է Բազմասեր Առաքելյանի հետ, ով պատգամավոր է դարձել ԲՀԿ համամասնական ընտրացուցակով:




























