ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) շրջանակներում, Հայաստանի նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՆՄԿՈւ)  հաստատությունները զինվում են նոր սարքավորումներով:

Վերջին վեց տարիների ընթացքում, ՄԱԶԾ ՆՄԿՈՒ ծրագիրը, շնորհիվ Դանիայի եւ Նորվեգիայի կառավարությունների դրամաշնորհային աջակցության, ապահովել է Հայաստանի 21 պետական ՆՄԿՈւ հաստատությունների նյութատեխնիկական բազայի վերազինում: Նպատակ ունենալով դարձնելու մասնագիտական ուսումնական գործընթացն ավելի գրավիչ եւ գործնական, եւ մասնագիտական ուսուցումը համապատասխանեցնելու գործատուների առկա պահանջներին, ՄԱԶԾ-ն ձեռք է բերել ժամանակակից ուսումնական լաբորատոր սարքավորումներ՝ 31 ՆՄԿՈՒ տեխնիկական լաբորատորիաներ ավելի քան 11 տարբեր մասնագիտությունների համար եւ 12 համակազմ ժամանակակից համակարգչային տեխնիկա Հայաստանի քոլեջների եւ ուսումնարանների համար, դրանով իսկ նպաստելով երկրի  պետական քոլեջների 24 տոկոսի վերազինմանը:

Այսօր, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչեւան այցելել է Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջ` տեղում ծանոթանալու ՄԱԶԾ-ի կողմից ՄԿՈւ հաստատության վերազինմանն ուղղված աջակցությանը:

Քանզի Վայոց Ձորի մարզը հայտնի է իր գինեգործությամբ եւ գյուղմթերքների վերամշակմամբ, 2011թ. սեպտեմբերին ՄԱԶԾ ՆՄԿՈւ ծրագիրը ձեռք է բերել գինու փորձարկման սարքավորումներ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջի համար:

ՄԱԶԾ 200 հազար դոլար արժողությամբ ընդհանուր աջակցության շրջանակներում, քոլեջը 2010-2011թթ. ստացել է եւս 5 ուսուցողական լաբորատորիաներ, ինչպիսիք են փայտամշակումը, գեղարվեստական փայտափորագրումը, մեքենավարումը եւ շահագործումը, ինչպես նաեւ ժամանակակից համակարգչային տեխնիկա քոլեջում գործնական դասընթացներ կազմակերպելու համար` հիմնվելով նորարար կրթական տեխնոլոգիաների վրա: Քոլեջի սարքավորումների եւ ուսումնական արհեստանոցների  արդիականացումից բացի, ՄԱԶԾ ՆՄԿՈւ ծրագիրն ամբողջությամբ ներգրավում է քոլեջի դասախոսական եւ վարչական անձնակազմին կարողությունների զարգմացմանն ուղղված բազմաթիվ վերապատրաստումներին՝ ներկայացնելով ժամանակակից կրթական մեթոդները եւ տեխնոլոգիաները, նորարար  կրթական մեթոդաբանական հիմունքները եւ նյութերը, ինչպես նաեւ փոխանցում է տեղական գործընկերներին ՄԿՈւ ոլորտում արձանագրված միջազգային լավագույն փորձը: