Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում, այսօր` մայիսի 31-ին, կայացել է Պաշտպանի եւ Ոստիկանապետի հանձնարարականներով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպման  ընթացքում քննարկվել են Հավաքների անցկացման ընթացքում ոստիկանության աշխատակիցների եւ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքների ու  պարտականությունների, Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափության, եւ վերը նշված հարցերի համատեքստում Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի եւ ԵԱՀԿ չափորոշիչների հետ կապված հարցեր:

Աշխատանքային խումբը ստեղծվել է մայիսի 30-ին: Աշխատանքային խմբի գործունեության նպատակը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների վերաբերյալ հստակ չափորոշիչների համատեղ մշակումն է, որոնց կիրառման արդյունքում կկանխվեն խաղաղ հավաքների ժամանակ մարդկանց իրավունքների ու հասարակական կարգի խախտումները:

Աշխատանքային խմբում յուրաքանչյուր գերատեսչությունից ընդգրկված են երեքական ներկայացուցիչներ: Աշխատանքային խումբը Պաշտպանի գրասենյակից ղեկավարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Քրեադատավարական իրավունքների վարչության պետ Ռուբեն Մարտիրոսյանը,  ոստիկանության կողմից՝ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը: