Եթե մենք երեխայի իրավունքը չենք պաշտպանում եւ չենք իրացնում, դա եւս իրավունքի ոտնահարում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արեւածաղիկ» մանկական ամսագրի խմբագիր Զարուհի Բաթոյանը: Նա նշեց, որ երեխաների իրավունքը ոտնահարվում  է ոչ միայն նրանց ծեծելով, բռնություն գործադրելով, այլեւ, օրինակ, երբ նա հնարավորություն չունի կրթություն ստանալու, ծնողների հետ ապրելու:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Ժառանգության» անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ Հայաստանում կա երեխայի իրավունքի պաշտպանության եռաստիճան համակարգ, ամենաբարձրը՝ Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովն է, որը ղեկավարում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, երկրորդը՝  մարզպետարաններում գոյություն ունեցող բաժիններն են, իսկ երրորդը՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն են, որոնք կան համայնքներում:

Արդեն նախկին պատգամավորը նշեց, որ այդ հանձնաժողովը չի գործում այն նպատակների համար, որը դրված է: Օրինակ՝ այն պարտավոր է  տարին առնվազն չորս անգամ նիստ հրավիրել եւ քննարկել երեխաների հետ կապված հարցեր, սակայն նախորդ տարի մի անգամ է հավաքվել, այն  էլ՝ Յունիսեֆի պնդմամբ:

Անահիտ Բախշյանը երեխաների իրավունքների ոտնահարումից առանձնացրեց հատկապես ընտանեկան բռնությունները, կրթության իրավունքի խախտումը, մասնավորապես՝ խոցելի խմբի երեխաների դեպքում:

Ասուլիսի բանախոսները նաեւ անդրադարձան «փակ հաստատությունների» եւ մանկատների խնդիրներին: Նրանք նշեցին, որ մանկատներին տրվող գումարների մի փոքր մասը տրվեր խնամատար ընտանիքներին, ավելի հանգիստ կլինեին երեխաների համար:

Անդրադառնալով կրտսեր սերնդի այսպես ասած ավելի վատը լինելու մասին կարծիքներին՝Անահիտ Բախշյանը այսպես հակադարձեց.

«Երեխաները ոչ անդաստիարակ են, ոչ էլ փչացած են, երեխան իր ժամանակի սպունգն է, կլանում է այն, ինչ ինքը տեսնում ու զգում է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք չէ մեղադրել երեխաներին, եւ եթե վատ բան եք տեսնում, ապա այդ վրիպումը մեծերինն է: