Օձի խայթոցից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանն աշնանն է հարս գնացել տվյալ գյուղ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանից:
Նրա խոսքով, օձը Նարինեին խայթել է դաշտում` Մատուռի մոտ: Գյուղապետի փոխանցմամբ, ամեն ինչ արվում է աղջկա կյանքը փրկելու համար, բայց դեռեւս ոչ մի դրական տեղաշարժ չկա:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրեն Անահիտ Կարապետյանի հետ, ով նշեց, որ Նարինեի վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկու դոզա հակաթույն ենք ներարկել: Բոլոր անհրաժեշտ միջոցառումներն անում ենք, բայց վիճակը շարունակում է մնալ ծանր: Երեւանից բրիգադ ենք հրավիրել, որ տեղափոխվի Երեւան»,- ասաց Անահիտ Կարապետյանը:
Գյուղում շրջանառվող որոշ լուրերի համաձայն, Նարինեն հղի է, սակայն Անահիտ Կարապետյանն ասաց, որ իրենք նման տեղեկություն չունեն:
Ավելի վաղ տեղկացրել էինք, որ Վայոց ձորում, հունիսի 1-ին օձի խայթոցից թունավորումով Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանը:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:




























