Երեւանում, հունիսի 3-ի կեսօրին, Դավիթ Բեկի փողոցում Սոֆի Դեւոյանին պատկանող Mercedes C-500 մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած գոտի եւ բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով, 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որոնցից 1-ը մահացել է:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հոգու եւ պարի թատրոնի ղեկավար Սոֆի Դեւոյանը հաստատեց տեղեկությունը եւ նշեց, որ զայրացած է, որ իր վարորդն առանց իրենց հարցնելու մեքենան վարել է: «Դա իմ անձնական մեքենան է եւ նա որպես վարորդ է աշխատում: Փաստորեն գիշերը չգիտեմ որտեղից է վերադառնալուց եղել ու նման շատ վատ դեպք է տեղի ունեցել: Շատ վատ»,-նշեց Սոֆի Դեւոյանը:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ վարորդը ոչ սթափ վիճակում է եղել, նա պատասխանեց. «Ճիշտն ասած չգիտեմ: Ասում են, որ իրոք այդպես է եղել: Ես իրեն չեմ տեսել: Մեզ որ զանգահարեցին, տղաս ու ամուսինս գնացին: Գիշերը 4:30-ն էր: Ես անձնապես չեմ տեսել, բայց ասում են, որ այդպես է եղել»:
Սոֆի Դեւոյանից տեղեկացանք նաեւ, որ վարորդը ձերբակալվել է: Նա ասաց, որ բոլոր տուժողները մյուս մեքենայի ուղեւորներն են եղել: «Կապանից են, ջահել տղաներ, մեկը մահացել է, մյուսը ասում են շատ ծանր է: Ահավոր վիճակ է, չգիտեմ, ես շատ զայրացած եմ, շատ, որովհետեւ իրավունք չկար առանց ինձ հարցնելու մեր տան անդամների մեքենան վերցներ ու գնար: Մեքենան իր մոտ էր մնում, որ մենք Պտղնի էինք ապրում գալիս մեզ վերցնում էր»,-մանրամասնեց Սոֆի Դեւոյանը:
Վարորդը` 46-ամյա Հմայակ Միքայելյանը, մի քանի ամիս է, ինչ աշխատել է Սոֆի Դեւոյանի մոտ: Նա ամուսնացած է, ունի ընտանիք:
«Էրբունի» բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ իրենց մոտ են տեղափոխվել Քաջարանի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է, 28-ամյա Արա Գեւորգյանը, 30-ամյա Նորայր Սիմոնյանը տեղափոխվել են վերակենդանցման բաժանմունք: Իսկ 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել:



























