2012 թ. հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 262.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 269 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 63.5%-ով եւ 57.9%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.2%-ով կամ 8.2 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Այս տեղեկատվությունը հետաքրքիր է նրանով, որ պետական բյուջեի եկամուտների աճը 2012 թ. պլանավորվել էր 100 մլրդ դրամի չափով, ինչը 2011 թ. եկամուտների մակարդակը պետք է գերազանցեր մոտ 15%-ով:
Հիշեցնենք, որ 2011 թ. վերջերին բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը բազմաթիվ բանավերճեր հարուցեց, անգամ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները հրապարակավ հայտարարեցին, որ նման բարձր պլանային նիշը լուրջ ռիսկեր է պարունակում:
Դատելով պետական բյուջեի առաջին չորս ամիսների կատարողականի արդյունքներից` կառավարության լավատեսությունը բյուջեն կատարելու առումով այնքան էլ արդարացված չէր: Եթե 4 ամսում պետբյուջեի եկամուտներն աճել են ընդամենը 8.2 մլրդ դրամով, ապա 12-ամսյա կտրվածքով 100 մլրդ դրամի աճի ապահովումը դառնում է խնդրահարույց:
Դրական է իհարկե, որ բնօգտագործման եւ բնապահպանական վճարները աճել են 86.6%-ով` շնորհիվ մետաղական հանածոների արդյունահանման համար կիրառվող ռոյալթիի: Այս հարկատեսակի գծով պետական բյուջեն լրացուցիչ ստացել է 4 մլրդ դրամ. դա հանքարդյունաբերության ներդրումն է բյուջետային եկամուտներում: Սակայն, այնուամենայնիվ, հանքարդյունաբերությունից հավաքագրվող հարկերի ընդհանուր մակարդակը նախորդ տարվա մակարդակին չի գերազանցում` միջազգային շուկայում պղնձի եւ մոլիբդենի սպասվածից ցածր գների պատճառով, իսկ հիմնական հարկատուներից Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը նույնիսկ 2.5 մլրդ դրամով ավելի քիչ հարկ է վճարել: Այնինչ նախատեսվում էր, որ հանքարդյունաբերությունից 2012 թ. լրացուցիչ կհավաքագրվի մոտ 20 մլրդ դրամ:
2012 թ. արձանագրվել է նաեւ ներմուծումից ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի գանձումների նվազում: Ակնհայտորեն` ՊԵԿ-ի մաքսային մարմիններն առաջին եռամսյակում վատ են աշխատել: Ընդհանուր առմամբ` մաքսային մարմինների կողմից այս հարկատեսակների գծով 4 ամսում թերհավաքագրվել է մոտ 6 մլրդ դրամ: Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության` 2012 թ. ներմուծման ծավալներն աճել են 8.7%-ով, հետեւաբար` մաքսային մարմինների կողմից հավաքագրումների նվազումը այնքան էլ արդարացված չէ:
Սամվել Ավագյան




























