Երեւանում աղբահանության վճարների հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսօր տարբեր վարչական շրջաններում կիրառվում են տարբեր մոդելներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկայում կուսումնասիրվեն բոլոր այդ մոդելներն ու ամենաարդյունավետը կկիրառվի համակարգում:
«Եթե նախկինում աղբահանության կազմակերպման մասով թեժ գծին ուղղված զանգերի քանակը գերազանցում էր 1000-ը, ապա այսօր դրանց թիվը կտրուկ նվազել է: Սա արդեն իսկ շոշափելի արդյունք է ոլորտում: Բնակիչները տեսնում են կատարվող աշխատանքը եւ վճարում են պատշաճ սպասարկման համար»,-շեշտել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման եւ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ եւ թերի կատարած կազմակերպություններին՝ շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այդ կազմակերպություններից 4-ը պարտավորվել են սահմանված ժամկետում շտկել եւ ավարտել ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները:
Երեւանի բակային տարածքներում շարունակվում են բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաեւ նոր խաղահրապարակների կառուցման ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախատեսված ծրագրով մինչ օրս բակային տարածքներում տեղադրվել է 55 խաղ եւ 345 մարզասարք:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտվեն 140 շենքերի լվացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները:
Տարոն Մարգարյանը կանաչ գոտիների պահպանման ու խնամքի ավելացման հետեւողական պահանջ է դրել` ընդգծելով հատկապես քաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Ոռոգումն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է արդյունավետորեն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնավորապես` մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարները եւ վերականգնել առկա չգործող պոմպակայանները:
Մայրաքաղաքում գույքագրված եւ վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման նպատակով քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել մասնավոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել այդ հարցում:
Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր:
Հանգստյան օրերին երեւանցիների առօրյան առավել հագեցած անցկացնելու նպատակով մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում մեկնարկել են սպորտային միջոցառումները:




























