Համընդհանուր իրավունքների մրցանակն այս տարի տրվել է նաեւ բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությանն՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման եւ «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնության:

Մրցանակը տրվել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանատան,  Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart  International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից:

Հանդիսավոր արարողությանը բնապահպան ակտիվիստների անունից հնչել է հետեւյալ ելույթը.

«Այս մրցանակը եւ՛ խրախուսում է, եւ՛ մարտահրավեր է` շարունակելու մեր ամենօրյա պայքարը հանուն մեր իրավունքների պաշտպանության:

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստական խմբերը պայքարում են Հայաստանի Սահմանադրության, մեր հանրային սեփականության եւ ազգային հարստության պաշտպանության համար: Մեր առաջնային նպատակը ժողովրդավար պետության կերտումն է, սահմանադրական կարգի եւ իրավունքի գերակայության հաստատումը: Մենք ցանկանում ենք ունենալ ինքնորոշված քաղաքացիների պետություն, որում յուրաքանչյուր ոք լիարժեք իրացնում է իր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` մասնակցում որոշումների կայացմանը, ապրում է առողջ, պաշտպանված եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում:

Մեր քաղաքացիական պայքարի համար մենք չենք ակնկալում Հայաստանի կամ որեւէ այլ պետության կառավարության շնորհակալություն կամ մրցանակ, սակայն կուզենայինք, որ  Հայաստանի պետությունը հպարտանար իր օրինապահ քաղաքացիներով եւ նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Իսկական իրավապահն ու իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանությունը` այն չպետք է անօրինականություն կիրառի ՀՀ քաղաքացիների հանդեպ, այլ պաշտպանի նրանց սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը:

Այս մրցանակն ընդունելը նաեւ մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պահպանել ու ընդլայնել այս նվաճումները` որպես ինքնուրույն, ինքնակազմակերպվող, անկուսակցական, չհովանավորվող, հանրային եւ բարոյական պատասխանատվություն կրող քաղաքացիների նվաճումներ:

Մենք վճռական ենք` շարունակելու մեր ջանքերը մեր ինքնուրույն ազգային պետության ամրապնդման ու զարգացման համար` հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության:

Հաշվի առնելով աշխարհում սոցիալական եւ բնապահպանական լուրջ մարտահրավերները եւ դրանցով պայմանավորված վերաիմաստավորումները, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպիսիք են օրինակ Occupy շարժումները ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ այլուր:

Մենք համոզված ենք, որ բոլոր երկրներում էլ ժողովրդավարության եւ սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է:

Մեր երկիրը մեզ է հասել մեր ավագ սերունդների մեծ դժվարությունների գնով, եւ մենք այսօր կրկնակի պատասխանատվություն ունենք ապահովելու Հայաստանի կայուն զարգացումն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Մեր երկար ճանապարհի սկիզբը կլինի Թեղուտի փրկությունը:

Մենք նաեւ հետեւողական ու պահանջատեր ենք լինելու, որ Հայաստանին տրամադրվող միջազգային աջակցությունը լինի արդյունավետ եւ ծառայի հանրության գերակա շահին, այլ ոչ թե խեղաթյուրի դրանց բուն նպատակը կամ խոչընդոտի եւ թուլացնի մեր նորանկախ պետության հիմքերը:

Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար` մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձեւակերպել նոր մոտեցումներ  մեր տարածաշրջանի համար եւ դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները եւ ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը եւ անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր եւ կենսունակ միավորող գաղափար:

Թող Մաշտոցի պուրակի շարժման, Թռչկանի ջրվեժի եւ մյուս հաջողությունները հիմնաքար դառնան Հայաստանում ավելի լայն եւ հզոր քաղաքացիական հասարակության կայացման համար: Օրենքը պետք է վեր լինի մասնավոր եւ օլիգարխիկ շահերից: Հայաստանի իրական ուժը նրա քաղաքացիներն են ու ինքնորոշված հանրությունը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիաներին եւ բոլոր հայերին ոտքի կանգնել սեփական իրավունքները պաշտպանելու համար եւ հասնել ՀՀ Սահմանադրության նորմերի գործնական իրագործմանը: Այս երկրի ապագան պատկանում է մեզ` ՀՀ քաղաքացիներիս»: