Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից մայիսի 31-ին բերման ենթարկված Արարատի 19-ամյա բնակչի գործը, ով աղջիկներին պարբերաբար սպառնացել է, որ եթե չլիցքավորեն իր բջջային հեռախոսը, ապա ինքը աղջիկների լուսանկարները մոնտաժելով կդարձնի մերկ լուսանկարներ եւ կտարածի համացանցում, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` նախաքննությունը իրականացնելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Մենք նախաքաննությունը չենք իրականացնում: Մեզ մոտ պարզապես ուղարկվել էր քննչական ենթակայությունը որոշելու համար, որից հետո այն ուղարկեցինք ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն»,-նշեց Սոնա Տռուզյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 6-րդ վարչության աշխատակիցները մայիսի 31-ին բերման են ենթարկել Արարատի 19-ամյա բնակիչներից մեկին, ով աղջիկներին պարբերաբար սպառնացել է, որ եթե չլիցքավորեն իր բջջային հեռախոսը, ապա ինքը աղջիկների լուսանկարները մոնտաժելով կդարձնի մերկ լուսանկարներ եւ կտարածի համացանցում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել էին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հավելելով, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն:
Հարկ է նկատել, որ երիտասարդի այդ շանտաժից շատերը վախեցել եւ լիցքավորել են նրա հեռախոսը, սակայն նրա ճիրաններում հայտնված աղջիկներից մեկը համարձակվել է խնդիրը ներկայացնել իրավապահների ուշադրությանը:




























