Հայաստանի ֆինանսական շուկայում փոխարժեքային տատանումներով ոչ ոքի չես զարմացնի: Սակայն վերջին ամսվա միտումներն առանձնանում են իրենց անկանխատեսելիությամբ: Մայիսի 6-ից հետո դոլարը թանկացել է ավելի քան 20 դրամով կամ 5.1%-ով` սա նույնիսկ մեր շուկայի համար զգալի տատանում է: Դոլարի փոխարժեքը 390 դրամից 1 ամսում հասել եւ գերազանցում է 411 դրամը: Նման տատանումների շրջան մենք ունեցել ենք թերեւս 2003 թ. (երբ դոլարն, ընդհակառակը, արժեզրկվում էր) եւ 2009 թ. ապրիլ-մայիսին (ֆիքսված փոխարժեքից հրաժարվելուց հետո):
Պատճառների մասին
Դոլարի հաղթարշավի պատճառները դեռեւս լիովին վերլուծված չեն: Թեեւ ոչ ոք տարեսկզբին չէր կասկածում, որ տարվա ընթացքում դոլարի փոխարժեքը կհատի 400-ի սահմանը, բայց մեծամասամբ այն կարծիքն էր գերիշխում, որ դա տեղի կունենա սահուն կորպեվ, ԿԲ-ն ի վիճակի կլինի փոխարժեքը զերծ պահել կտրուկ տատանումներից: ԿԲ-ն իսկապես որոշ փորձեր ձեռնարկեց փոխարժեքի կառավարելիությունն ապահովելու համար, ու դրա համար 1 ամսում մոտ 50 մլն դոլար նետվեց շուկա, սակայն անարդյունք: Վերջին օրերին ԿԲ-ն ընդհանրապես չի էլ փորձում խառնվել փոխարժեքին, սպասելով, թե երբ այն կմոտենա իր պիկին, քանի որ այդ դեպքում արտարժութային ինտերվենցիաներն ավելի արդյունավետ կաշխատեն:
Հիմա պարզապես իմաստ չունի մի քանի տասնյակ միլիոն դոլար վատնել` մի քանի օր փոխարժեքը կայունացնելու համար: Կարելի է նաեւ ավելի կտրուկ միջոցների դիմել: Եթե մի քանի օրով կասեցվի բորսայի արտարժութային հարթակի գործունեությունը, ապա դոլարի փոխարժեքը նույնպես կկայունանա, քանի որ փոխարժեքային տատանումների բոլոր ազդակները գալիս են բորսայից: Սակայն, ցավոք, նման օրենսդրական լծակներ ԿԲ-ն չունի: Բացի այդ` ֆինանսական շուկան ընդհանուր առմամբ բախվել է դոլարի դեֆիցիտի հետ, իսկ դրա պատճառներն ավելի խորքային են: Մեր ֆինանսական շուկայում ցնցումային իրավիճակ ստեղծվեց հատկապես մայիսի 13-ից հետո, երբ ֆինանսական շուկա մի քանի օրում մուտք եղավ եվրոյի աննախադեպ մեծ քանակություն` փոխարինվելով դոլարով: Թե որտեղի՞ց Հայաստանի ֆինանսական շուկա լցվեց այդ 150 մլն եվրոն` հայտնի չէ: Սակայն դրանից հետո ֆինանսական շուկայում դոլարի դեֆիցիտի խնդիրը միանգամից սրվեց:
Շահո՞ւմ ենք արդյոք դոլարի թանկացումից
Վերջին շրջանում մոդայիկ է դարձել այն պնդումը, թե Հայաստանը միանշանակ շահում է դրամի արժեզրկումից, քանի որ դա կխթանի արտահանումը, իսկ ներքին շուկայում տեղական ապրանքներն ավելի մրցունակ կդառնան: Տեսականորեն դա ճիշտ է, սակայն գերագնահատել այդ գործոնը չի կարելի: Հայաստանի հիմնական առեւտրային գործընկերները Եվրամիությունն ու Ռուսաստանն են, իսկ եվրոն ու ռուբլին նույնպես կտրուկ արժեզրկման փուլում են: Մայիսի 6-ից հետո հայկական դրամի փոխարժեքը եվրոյի նկատմամբ գրեթե չի փոխվել (մայիսի սկզբի 1եվրո/510 դրամ փոխարժեքը հունիսի սկզբին իջել է մինչեւ 1եվրո/507 դրամի): Ռուբլու նկատմամբ դրամը նույնիսկ արժեւորվել է (1 ռուբլին ներկայում փոխանակվում է 12.3 դրամի հետ, իսկ մեկ ամիս առաջ` 13.3 դրամի հետ): Հետեւաբար` ոչ Եվրամիությունում, ոչ Ռուսաստանում մենք փոխարժեքով պայմանավորված ոչ մի հարաբերական առավելություն չենք ստացել: Իսկ Ռուսաստանին բաժին է ընկնում մեր արտաքին առեւտրաշրջանառության 24%-ը, իսկ ԵՄ-ին` 32%-ը: Իրանի հետ առեւտրում նույնպես ոչինչ չենք շահում, քանի որ իրանական ռիալն ավելի շատ է արժեզրկվել, քան եվրոն, ռուբլին, կամ դրամը: Թուրքական լիրան նույնպես արժեզրկման փուլում է, ինչի հետեւանքով հայկական դրամի եւ թուրքական լիրայի փոխարժեքը վերջին մեկ ամսում գրեթե չի փոխված` 1 լիրան 220 դրամի սահմաններում է: Սակայն որոշ առավելություններ կստանանք Վրաստանի հետ առեւտրում, քանի որ վրացական լարին գրեթե անտեսել է միջազգային շուկաների իրավիճակը եւ արժեզրկման փուլ չի մտել: Մեկ լարին հունիսի 5-ին Երեւանում գնահատվում էր 250 դրամ` մայիսի 5-ի 240 դրամի համեմատ:
Այսպիսով` արժեզրկման այն տեմպերը, որ առկա են Հայաստանում, խորթ չեն նաեւ մեր հիմնական առեւտրային գործընկերներին: Հետեւաբար` արտահանման խթանման վերաբերյալ բոլոր խոսակցություններն անհիմն են, թեեւ ներքին շուկայի պաշտպանվածության առումով որոշ դրական դերակատարում առկա է:
Սամվել Ավագյան




























