«Երկիրը» գրում է, թե խորհրդարանական, ԱԺ նախագահի ընտրություններից եւ վարչապետի նշանակումից հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, կարծես, ամայացել եւ անկարեւոր է դարձել:

«Հիմա վարչապետն ու ԱԺ նախագահը հանգիստ իրենց տեղերում են, պատգամավորները` ԱԺ-ում, արդյունքում՝ ՀՀԿ գրասենյակ այցելողների թիվը կտրուկ նվազել է: Սա դեռ քիչ էր, ՀՀԿ գրասենյակից «թռել է» ՀՀՇ-ի Գեւորիկը: Շատերը կհիշեն, թե նախընտրական շրջանում ինչպես էր Գեւորիկը բարձրաստիճան ՀՀԿ-ականներին ջանասիրաբար օգնում կայանել մեքենաները ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստերի ժամանակ, իսկ ոմանց համար` անգամ դռնապանի դեր տարել:

Երեկ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը մեր թղթակցին պատմեց, որ ԿԸՀ-ում` պատգամավորական մանդատները ստանալու հանդիսավոր արարողությանը եկել ու մասնակցել է նաեւ Գեւորիկը: Օգտվելով պատգամավորների բարձր տրամադրությունից` նա մաղարիչ է պահանջել: Ասում են` արարողության վերջում ներկաներից մեկը պարզել է, որ Գեւորիկը հավաքել է մոտ 3 հազար ԱՄՆ դոլար մաղարիչ ու անհետացել: Նրան ճանաչողները պնդում են, որ պարզապես «թռել է» ՀՀԿ-ի վրայից»,- գրում է «Երկիրը»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի