Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում եւ Օղակաձեւ զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երեւանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ 1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել են վնասված եզրաքարերը: Շատրվանի միջնամասի գեղարվեստական ձեւավորման համար  օգտագործվել են ջրակայուն հատուկ ներկեր, իսկ երեկոյան ժամերին շատրավանն անցորդներին կհիացնի գեղազարդ լուսավորությամբ:

Շրջելով եւ ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել մասնավոր կառույցներին` մայրաքաղաքային ծրագրերին ակտիվ մասնակցելու եւ քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար:

«Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երեւանցիներին: Մենք գույքագրել ենք մայրաքաղաքի չգործող բոլոր շատրվանները եւ վերագործարկման ենթական շատրվանների նորոգման նպատակով համապատասխան աշխատանքներ ենք տանում, որպեսզի անպայման վերականգնենք ու հանձնենք մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:

Օղակաձեւ զբոսայգու շատրվանի մասով պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, պահպանելով կառույցի ճարտարապետական տեսքն ու լուծումները,  շատրվանը ձեւավորվել է նաեւ գիշերային լուսավորությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել ու ծանոթացել է նաեւ Օղակաձեւ զբոսայգու շատրվանի հարակից տարածքներում կատարված կանաչապատման եւ ձեւավորման աշխատանքներին: