Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, հունիսի 14-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կվիճարկի ԿԳ նախարարի հրամանը` իր լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց անձամբ Սուրեն Զոլյանը:

Իսկ ավելի վաղ Հայաստանի վարչական դատարանը հրաժարվել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցն ընդունելուց, որում նա  խնդրում էր չեղյալ համարել 2012թ. ապրիլի 6-ին Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հայտարարած խիստ նկատողությունը:

Նախկին ռեկտորը մտադիր է հետագայում այն վիճարկել Վճռաբեկ դատարանում, այնուհետեւ` Սահմանադրական եւ Եվրոպական դատարաններում:

Սուրեն Զոլյանը նշեց, որ իրականում դատարանը պետք է կասեցներ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, ինչը չի արվել: «Գործը շատ է բարդացնում այն, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր կարծիքն է հայտնել եւ դա բավականին լուրջ ճնշում է դատարանի վրա, դրա համար վարչական դատարանը չի ընդունում այդ գործը»,- ասաց նախկին ռեկտորը` հավելելով, որ Արդարադատության նախարարի ասածից երեւում է, որ  նախարարի կամքը վեր է օրենքից:

Սուրեն Զոլյանը կարծիք հայտնեց, որ «դատարանը ոչ թե մերժում է իր հայցադիմումը, այլ վախենում է քննել այն»: Նա սպասում է, որ սպառի հայասատանյան բոլոր դատական ատյանները, որպեսզի հնարավորություն լինի դիմել Եվրադատարան: Զոլյանը հույսեր չի կապում հայաստանյան դատարանների հետ, միակ հույսը Եվրադատարանն է եւ վստահ է,  որ այնտեղ կհաղթի, քանի որ Հայաստանում դատարանները կախման մեջ են գործադիր իշխանությունից, հատկապես` Արդարադատության նախարարությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ապրիլի 6-ին ԵՊԼՀ -ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝  խիստ նկատողության տեսքով:

Նկատողության պատճառը եղել է այն, որ  Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը, երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի`իր պարտականությունները բավարար չափով չկատարելով: Ի պատասխան Զոլյանը դիմել է դատարան:

Առաջին նկատողությանը ապրիլի 17-ին հետեւել է երկրորդը, այնուհետեւ նախարարի հրամանը` Բրյուսովի անվան  ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցնելու եւ 2008թ.մարտի 17-ի թիվ 134 աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին:

Այդ կապակցությամբ ապրիլի 18-ին ԵՊԼՀ-ի ուսանողները  Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության շենքի  մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Նույն օրը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել էր ԵՊԼՀ-ի ուսանողներին եւ կրթության եւ գիտության նախարարի հետ հստակեցումներ կատարել Զոլյանի հեռացման կապակցությամբ:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարը գործել է օրենքի շրջանակում, եւ որ այդ հարցը կփորձեն վերածել քաղաքական շահարկումների առարկայի:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել  Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար եւ ստացել էին երկու դիմում` բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանից եւ ներկայումս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանից: Մրցույթը կայանալու է հունիսի 12-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետն այսօր էր: