Թերթը գրում է, որ Հայաստանում հեղինակային իրավունքների խախտման խնդիրը, ոլորտի պատասխանատուների եւ բուն հեղինակների պնդմամբ, խոչընդոտ է հանդիսանում երկրում ներդրումների ներգրավմանը եւ պետության հեղինակությանն է լուրջ հարված հասցնում:

Բացի այդ, Հայաստանում հեղինակային իրավունքների եւ մտավոր սեփականության անպաշտպանվածության հանգամանքը նպաստում է երկրից մտավոր պոտենցիալ ունեցող մարդկանց արտագաղթին: Ու թեպետ չի կարելի ասել, որ հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ պատկան մարմինները որեւէ աշխատանք չեն նախաձեռնում, այնուհանդերձ, իրավիճակը շարունակում է ծանր եւ սպառնացող մնալ: Ասվածը վերաբերում է նաեւ համակարգչային  ծրագրային ապահովման  ոլորտում հեղինակային իրավունքների զանգվածային խախտմանը:

Դրա վկայությունն է նաեւ աշխարհում  հանրահայտ  BSA (Business Software Alliance) միջազգային կազմակերպության կողմից  հրապարակված 2011թ. զեկույցը:  Ըստ այդմ, անցած տարվա արդյունքներով, Հայաստանի Հանրապետության ծրագրային ապահովման ոլորտում հեղինակային իրավունքների խախտման կամ, ինչպես ասում են, պիռատության ցուցանիշը 88% է: Ու թեպետ այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ աստիճանաբար նվազում է (օրինակ՝ 2007թ. այն կազմում էր 93%), այնուհանդերձ, իրավիճակը շարունակում է աղետալի մնալ: Սակայն, ինչպես երեւում է, նման իրողությունը չի գոհացնում այլեւս ոչ հեղինակներին եւ ոչ էլ անգամ իրավապահ մարմիններին: 

Պատահական չէ, որ վերջին 2 տարվա ընթացքում մի շարք հայտնի ընկերություններ հեղինակային իրավունքների խախտման համար կոմպետենտ մարմինների կողմից, ինչպես ասում են, փաստի առաջ են կանգնեցվել: Եվ ահա, հեղինակային իրավունքների պաշտպանության նպատակով  Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության  առաջին ատյանի դատարանին է դիմել ծրագրային ապահովման ոլորտում համաշխարհային հեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ «Microsoft» կորպորացիան: Վերջինս պատասխանող կողմից՝ «Բրաբիոն ֆլորա սերվիս» ընկերությունից, 2 մլն 422 հազար 536 դրամ գանձելու հայցադիմում է ներկայացրել՝ որպես իր հեղինակային իրավունքի խախտման դիմաց հատուցում:

Դատարանում, որպես «Microsoft» կորպորացիայի ներկայացուցիչ, հանդես է գալիս Հայաստանում BSA միջազգային կազմակերպության տեղական փորձագետ Նարինե Մկրտչյանը: Թե ինչով կավարտվի  այս դատական գործը, պարզ  կդառնա մոտ օրերս, բայց մի բան ակնհայտ է, որ համաշխարհային հռչակ եւ հեղինակություն ունեցող ընկերություններն այլեւս մտադիր չեն հանդուրժել իրենց իրավունքների խախտման որեւէ դրսեւորում Հայաստանում, գրում է «Հրապարակը»: