«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է ուղարկել Բնապահպանության նախարար պարոն Ա. Հարությունյանին, որում մասնավորապես նշել է,  «Հարգելի պարոն նախարար.,

Հայաստանի պետական լիազոր մարմինների պաշտոնական կայք էջերից տեղեկացվել ենք, որ ՀՀ Տավուշի մարզի Աղստեւ գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործում է մեկ փոքր ՀԷԿ` «Խաչաղբյուր-1» անվամբ` 731-850 մետր բացարձակ բարձրությունների վրա: Սակայն պատրաստվում է կառուցվել եւս 2-րդը` «Խաչաղբյուր-2» անվամբ` 860-1050 մետր բարձրության վրա: Այս փոքր ՀԷԿ-երը պատկանում են «Քարեւարդ» ՍՊ ընկերությանը: Բացի այդ, տեղեկացված ենք նաեւ, որ դեռեւս 2011թ. հուլիսի 7-ին նույն գետի եւ նրա վտակ համարվող Աղբայի վրա ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրվել է ջրօգտագործման երկու թույլատրություն` հետագայում եւս 2 փոքր ՀԷԿ կառուցելու համար, որը պատկանում է «ԱԹՎԱ» ՍՊ ընկերթությանը: Հաշվի առնելով այն փաստը, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի եւ օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված եւ արդեն որոշակի բրենդ դարձած Լասիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով եւ քարանձավներով, մեզ համար անհասկանալի եւ անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը: Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի եւ լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման եւ շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետեւանքների: Մենք, պնդում ենք, որ մինչեւ ցանակացած թույլատրություն տալը ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է սկզբնական փուլում լուրջ ուսումնասիրություն եւ գնահատում  իրականացնի, հաշվի առնելով բոլոր տեսակի վտանգները՝ ներգրավելով նաեւ հանրությանն ու ոլորտի մասնագետներին, որպեսզի հետագայում չունենանք բնությանը եւ շրջակա միջավայրին հասցված անդառնալի կորուստներ, որոնց վերականգնելը շատ բարդ է եւ ժամանակատար: Ելնելով վերոշարադրյալից, խնդրում ենք «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջների համաձայն մեզ տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի եւ համապատասխան եզրակացության պատճենները: Մեր կողմից մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ բնապահպանության նախարարությանը վերը նշված փաստաթղթերը ստանալուց հետո»,- նշել են նրանք: