Անցած տարվա մայիսի 24-ից անազատության մեջ գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Սենիկ Խաչատրյանը նախօրեից սկսած հացադուլ է հայտարարել. նա բողոքում է իր նկատմամբ կայացված դատավճռի դեմ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

««Հժ»-ի երեկվա համարի «Բողոքի գիրք» խորագրի ներքո Մարինե Ղազարյանը պատմել էր ամուսնու հետ կատարվածի մասին եւ նշել, որ ոստիկանները նրան բռնության էին ենթարկել, ինչից հետո մեղադրանք էին առաջադրել 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով և ազատազրկման դատապարտել երկու տարի վեց ամիս ժամանակով: Խաչատրյանը բաժին էր հրավիրվել մի գործի շրջանակներում, որով, ավելի ուշ, նրա մեղքը չէր հաստատվել, բայց, փաստորեն, նրան ազատ արձակելու փոխարեն՝ մեկ այլ մեղադրանք էր առաջադրվել: ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից երեկ մեզ հայտնեցին, որ Սենիկ Խաչատրյանը այժմ գտնվում է առանձին խցում եւ բժիշկների հսկողության տակ է»,- գրում է «Հայկական ժամանակը»: