Զինվորական Բժիշկ Վահե Ավետյանի սպանության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտը (ՄԻԺԻ):

Հայտարարությունում ասվում է.

«Այս տարվա հունիսի 17-ին, Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռությունները եւ սպանությունը երկար տարիներ Հայաստանում անօրինականության, ինքնադատաստանով հարցեր լուծելու, անպատժելիության եւ հակասահմանադրականության շղթայի օղակներից են: Բազմաթիվ անգամներ նման հանցագործությունների դեպքում հանրությունը իրավունքի գերակայություն հաստատելու համար համարժեք եւ սկզբունքային գործողություններ չի ձեռնարկել, իսկ պատկան մարմինները շարունակաբար մեղսակցել եւ անգործություն են ցուցաբերել իրենց Սահմանադրական պարտավորություններն իրականացնելու գործում: Սրանով իսկ խնդիրը հասել է այն մակարդակին, որ Հայաստանում մարդիկ անպաշտպան ու անզոր են եւ ելքը տեսնում են կամ արտագաղթի, կամ անտարբերության, կամ ինքնասպանությանը, կամ էլ նվաստացած ապրելու մեջ: Սա անպաշտպանության եւ մարդկային արժանապատվության ոտնահարման վերջնակետն է, երբ խախտվում է կյանքի հիմնարար իրավունքը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 15) եւ արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանների (ՀՀ Սահմանադրություն հոդված 91), այլ ինքնադատաստանի միջոցով:

Անպատժելիության կարգը չի փոխվում խորհրդակցություններով, ցուցումներով, կամ նմանատիպ ոչ գործնական քայլերով: Անհրաժեշտ են անկախ արդարադատական համակարգ եւ նախադեպեր, որտեղ մեղավորները կստանան պատիժ, իսկ քաղաքացին կկարողանա իրացնել իր սահմանադրական եւ օրինական իրավունքները: Արդարադատությունը բոլորի համար է եւ որեւէ խումբ կամ անհատ չի կարող արտոնյալ լինել: Անկախ արդարադատական համակարգը` հիմնված մարդու իրավունքների եւ ազատությունների սկզբունքների վրա, ժողովրդավարական եւ քաղաքացիական պետության առանցքն ու հիմքն է: Սա է գործնականում բոլոր մարդկանց վստահություն ներշնչում առ այն, որ իրենք հավասար են ու պաշտպանված: Արդարությունը պետք է ոչ թե բացառություն լինի, այլ օրինաչափություն, իսկ անկախ արդարադատությունը` դրա կենսագործման երաշխիքը:

Մենք` հայ ժողովուրդը եւ հասարակությունը, պետք է գիտակցենք ու պանաջատեր լինենք, որ մեր պետական կառավարման համակարգում եւ վերնախավում քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները եւ արժեքներ սերմանողները դուրս մղվեն եւ խստագույնս պատժվեն` պետականության նկատմամբ արված հանցագործությունների համար:

Քաղաքացիական ինքնուրույն ու հետեւողական գործողությունները մեր սահմանադրականության պայքարի հաջողության եւ սահմանադրական կարգի հաստատման հիմնական երաշխիքն են: Պետք է գիտակցենք, որ մենք ենք այս երկրի տերը եւ մեզնից է կախված մեր անհատական ու հավաքական անվտանգությունը, պաշտպանվածությունը եւ զարգացումը: Մեր համարձակ, համախմբված շարունակական քայլերը եւ յուրաքանչյուր իրավունքի համար պայքարները կբերեն քրեաօլիգարխիկ համակարգի ոչնչացմանը եւ նրա ներսում իսկ բարենապաստ հնարավորություն կստեղծեն ինքնիշխան, իրավական, սոցիալական պետություն կերտելու համար:

Յուրաքանչյուրս կարող ենք Վահե Ավետյան լինել: Պետք է վերջ տալ անտարբերությանը, նմանօրինակ հանցագործությունները չհամարել «սովորական» եւ «նորմալ», չապրել հանդուրժող նվաստացումով ու անզորությամբ: Վերափոխենք մեզ եւ մեր ցասումը դարձնենք արդարատենչ ըմբոստացում ու պայքար»: