Ֆերիկ գյուղում երեկ` հուլիսի 27-ին եզդիների միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, ինչի արդյունքում մեկ մարդ ինֆարկտից մահացել է, տեղի է ունեցել հողամասը ջրելու պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆերիկի գյուղապետ Նորիկ Հայրապետյանը: «Վիճաբանությունը տեղի է ունեցել հողամասը ջրելու շուրջ, թե սկզբից ես պետք է ջրեմ, նոր դու: Որից հետո 55-ամյա Օսման Պրոյանը գնալով տուն ինֆարկտ է ստացել եւ հիվանդանոցում մահացել»,- պարզաբանեց գյուղապետը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ մահացածը նախկինում էլ սրտի հետ կապված խնդիրներ է ունեցել: « Շատ խելոք մարդ էր: Հաշտ հարեւաններ են եղել, պարզապես ջրելու պատճառով վիճել են ու նման բան ա տեղի ունեցել»,- ափսոսանք հայտնեց գյուղապետը:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ կատարվածի մասին հաղորդում է տրվել Էջմիածնի ոստիկանությանը եւ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ի դեպ, գյուղապետը հավատացրեց նաեւ, որ իրենց գյուղում փոխհրաձգություն տեղի չի ունեցել, ինչպես նշվում էր մամուլում: ՀՀ ոստիկանության Էջմիածնի բաժնից եւս տեղեկացանք, որ փոխհրաձգության մասին հաղորդում իրենց մոտ չի տրվել:


























