Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի վեցերորդ նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաստատված օրակարգի համաձայն` քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեսչական բարեփոխումների քարտուղարության կողմից մշակված «Ներմուծվող սննդամթերքի վերահսկողության մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: Նշվել է, որ առաջին որոշման ընդունման նպատակն է նվազեցնել տնտեսավարող սուբյեկտների գործունեության վտանգները եւ արդյունավետ իրականացնել վերահսկողական գործառույթները սահմանային անցման կետերում, իսկ երկրորդ որոշման ընդունումը թույլ կտա ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ ներդնել սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության  տեսչությունում:

Ծավալվել է մտքերի փոխանակություն, նիստի մասնակիցները կարծիքներ են հայտնել թեմայի վերաբերյալ: Հաշվի առնելով արված դիտողությունները` խորհուրդը հավանության է արժանացրել ներկայացված որոշումների նախագծերը:

Հաջորդ հարցով հավանություն է տրվել «Բնապահպանության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին:  Քննարկման առարկա է դարձել «Ընդերքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է տեսչական բարեփոխումների խմբին քննարկել հիշյալ որոշման նախագծին վերաբերող որոշ մանրամասներ եւ լրամշակված տարբերակը ներկայացնել խորհրդին:

Նիստում հավանության են արժանացել «Շուկայի վերահսկողության մասին» եւ «Ոչ պարենային արտադրանքի ընդհանուր անվտանգության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ոչ պարենային արտադրանքը շրջանառության մեջ դնելու եւ այդ արտադրանքի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ շուկայի վերահսկողության իրավական եւ կազմակերպական հիմքերը՝ վտանգավոր եւ սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքից ներքին շուկայի պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Հաջորդիվ զեկուցվել է Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության պետական տեսչության ստուգաթերթերի նախագծի փորձարկման արդյունքների եւ արձանագրված խնդիրների մասին: Մասնավորապես, նշվել է, որ ստուգաթերթերի հարցերում ներառված պահանջները համահունչ չեն ժամանակակից հակահրդեհային պահանջներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն կա կրճատել դրանք: Խնդրի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է արտակարգ իրավիճակների նախարարությանը ստեղծել աշխատանքային խումբ` ներգրավելով մասնավոր հատվածի ներկայացուցիչներին եւ մեկ ամսվա ընթացքում ներկայացնել  ստուգաթերթերի կրճատված տարբերակը: