Այսօր` հուլիսի 31-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, մերժեց «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հայցն ընդդեմ «Իրավունք» թերթի:

Ըստ դատավորի վճռի` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունից եւ կազմակերպության ղեկավար Արթուր Սիմոնյանից հօգուտ «Իրավունք» թերթի բռնագանձվելու է 150-հազարական դրամ՝ որպես փաստաբանական ծախս, իսկ հօգուտ պետական բյուջե փոխանցվելու 1500 դրամ:

«Հետքի» փոխանցմամբ, դատարանի վճիռը դահլիճում նստածները ծափողջյուններով ընդունեցին:

Նշենք, որ «Կյանքի խոսք»-ը վիրավորական եւ զրպարտություն էր համարում թերթի հենց առաջին էջում հոդվածին ուղեկցող կոլաժային լուսանկարը, մյուս լուսանկարում պատկերված կնոջ ձեռքի «Կյանքի խոսք» գրառմամբ վահանակը, հոդվածի վերնագիրը, «աղանդ» եզրույթը, «Կտոր մը «Կյանքի խոսք»» արտահայտությունը (նաեւ` ծաղրանք): 

«Կյանքի խոսքը» հասցված վիրավորանքի համար պահանջում էր հրապարակավ ներողություն խնդրել թերթի առաջին էջում, հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ հրապարակել նաեւ հերքման տեքստերը: Կազմակերպությունը պահանջում էր հոգուտ «Կյանքի խոսքի» բռնագանձել պետական տուրքի գումարները` 8 հազար դրամ, ինչպես նաեւ թարգմանչական եւ նոտարական ծախսերը` 15 հազար դրամ: