Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվում է թրաֆիքինգի, Երեւանում, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության եւ բացահայտ հափշտակության հատկանիշներով գործը:
«Փաստինֆոն» հայտնում է, որ ըստ մեղադրանքի, Արտեմ Գասպարյանը 2010թ. մայիսից մինչեւ 2012թ. փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության եւ բացահայտ հափշտակելու եղանակներով, ինչպես նաեւ՝ շորթմամբ, մի շարք քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող խոշոր եւ զգալի չափերի գույքը, (գույքի եւ մատուցած ծառայության դիմաց խաբեությամբ նրանց վճարել է գունավոր բազմացնող տպիչ սարքի միջոցով տպագրված, վճարման միջոց չհանդիսացող, «բիլետ բանկա պրիկոլով» գրառմամբ, ՌԴ 1.000 եւ 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամներով: Դրանով նրանց պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս։
2010թ. հոկտեմբերին խաբեությամբ ամուսնանալու պատրվակով ծանոթացել է Ազնիվ Ղարագյոզյանի հետ: Ամբաստանյալը՝ հոգեբանական, ինչպես նաեւ ֆիզիկական հարկադրանք կիրառելու եղանակով՝ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այդպիսիք գործադրելու սպառնալիքներով նրան հասցրել է անգամ ինքնասպանության փորձի: Ապա մինչեւ 2011թ. մարտ ամիսը Ազնիվ Ղարագյոզյանին պահել է ստրկության վիճակում եւ, օգտագործելով իրենից կախյալ վիճակում գտնվելու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան ենթարկել է սեռական շահագործման, նրա կամքին հակառակ պարտադրել է կատարել իր ապօրինի պահանջներն ու ցուցումները։
Օգոստոսի 3-ի դատական նիստին ամբաստանյալը չէր ներկայացվել, փոխարենը ներկայացել էր հանրային պաշտպան Ալիկ Ստեփանյանը: Օգոստոսի 31-ի դատական նիստում դատարանը կճշտի ամբաստանյալի դիրքորոշումը գործում որպես պաշտպան Ա. Ստեփանյանին ներգրավելու վերաբերյալ:


























