Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքում օգոստոսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաղթել է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը: Նրա օգտին քվեարկել է 1 274 ընտրող:

Մյուս 4 թեկնածուների միջեւ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ անդամ Վազգեն Խաչատրյան` 917 քվե, անկուսակցականներ` Վորոշ Խաչատրյան` 840, Գագիկ Կարապետյան` 190, Էդվարդ Գրիգորյան` 28:

Ըստ թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, Թալինի 5 235 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 3 373-ը: 96 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Անճշտությունների չափը` 1:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, նույն օրը Թալինում ընտրել են նաեւ ավագանու անդամների: Ավագանու 11 տեղերի համար պայքարում էին 31 թեկնածուներ:

Նշենք, որ Թալինի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թիվ15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: