«Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել Աֆղանստանի արեւելքում՝ ռազմաբազաներից մեկում ահաբեկչության իրականացման պատասխանատվությունը, որի արդյունքում զոհվել են ԱՄՆ 8 քաղաքացիներ, ամենայն հավանականությամբ՝ ԿՀՎ աշխատակիցներ: Ինչպես հայտնում է AP-ն, այդ մասին դեկտեմբերի 31-ին հայտարարել է շարժման ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: Նրա խոսքով, «Թալիբանի» զինյալը՝ ռազմական հագուստ հագած, մտել էր ռազմաբազա եւ պայթեցրել իրեն համալիրի տարածքի մարզադահլիճում:

Ահաբեկչությունտ տեղի էր ունեցել նախօրեին՝ դեկտեմբերի 30-ին, Հոստ նահանգի ամերիկյան «Չեփմեն» բազայում: Պայթյունի արդյունքում զոհվել են ութ ամերիկացիներ, եւս վեցը՝ վնասվածքներ են ստացել: Նաեւ նշվում է մեկ զոհված աֆղանցու մասին, որն աշխատում էր բազայում: ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե հարձակման ենթարկված բազան օգտագործվում է ԿՀՎ-ի կողմից, եւ մահացածներն այդ գերատեսչության աշխատակիցներ են: ԿՀՎ-ում, սակայն, այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում: