Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 7-ին հերթական անգամ վիրահատվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Միքայելյան» վիրահատվել վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը` հավելելով, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել եւ Սերոբ Տեր-Պողոսյանի վիճակը հիմա լավ է:
Նրա փոխանցմամբ` փետրվարի 13-ի, երբ վիրահատել էին հաստ աղիքի չարորակ ուռուցքը, վիրահատությունը բարեհաջող էր ընթացել, բայց այս 6 ամիսների ընթացքում նորագոյացություն է առաջացել պորտի շրջանում: Օնիկ Մելքոնյանի խոսքով, հետվիրահատական փուլը եթե բարեհաջող ընթանա, ապա հավանաբար 10 օրից Տեր-Պողոսյանը դուրս կգրվի:
Հիշեցնենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Ավելի վաղ տեղկացրել էինք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:




























