Այսօր` օգոստոսի 14-ին, ժամը 23:00-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ամրակից գյուղի հատվածում Աուդի 80 մակնիշի 06 ՍՕ 512 համարանիշի ավտոմեքենան, դուրս գալով ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորներից 1-ը` 23-ամյա Դավիթ Մաթեւոսյանը տեղում մահացել է, եւս 3 հոգի մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տվյալների, ուղեւորներից 2-ը, այդ թվում` մահացած Դավիթ Մաթեւոսյանը Լոռիի մարզի Կուռթան գյուղի բնակիչներ են, մյուս 2-ի ինքնությունը պարզվում է: 

Դեպքի վայրում աշխատում են Ստեփանավանի քննչական բաժնի, ինչպես նաեւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցները:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի