«Հրապարակը» գրում է. «Պարզվում է՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ գյուղնախարար Սերգո Կարապետյանին պատկանող «Արտֆուդ» գործարանում աշխատակիցների հետ վարվում են այնպես, ինչպես Նեմեցին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում են վարվում այցելուների հետ: Շարքային աշխատողը ծեծի է ենթարկվում ղեկավարի կողմից միայն այն պատճառով, որ համարձակվել է նրան «ոչ ճիշտ» հարցով դիմել:
Մեզ հասած տեղեկություններով, կիրակի օրը հիշյալ գործարանում տոմատի արտադրամասի պետ Վարդան Վարդանյանը ծեծի է ենթարկել Արամ անունով մի աշխատակցի: Գործարանին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, վիճաբանությունը սկսվել է մի պրիմիտիվ պատճառով: Արամն աշխատում է արտադրամասում որպես բանվոր:
Ըստ Արտաշատում տարածված լուրերի, երեկոյան ժամերին նա ստիպված է եղել մի մեծ տակառ մենակ տեղափոխել: Տեսնելով, որ չի կարողանում մենակ անել՝ համարձակվել է մոտենալ ու շեֆին հարցնել՝ մարդ չկա՞, որ ինձ օգնի: Աղան էլ «զայրացել» է, թե ինչու է իրեն «ոչ ճիշտ» հարցով դիմում, իր ի՞նչ գործն է՝ մարդ կա, չկա: Իր աշխատանքն է, պիտի անի:
Մեզ հայտնի չէ՝ այս խոսակցության ընթացքում Արամը համարձակվե՞լ է հակադարձել, թե՞ ոչ կամ ինչպես է վարվել տակառի հետ, սակայն իմացանք, որ այն ճակատագրական է եղել նրա համար: Վարդան Վարդանյանը հարձակվել է իր աշխատակցի վրա, հարվածներ հասցրել ու հայհոյել նրան: Իսկ դրանից հետո էլ հեռացրել են աշխատանքից:
Թե այս կոնֆլիկտն ինչ զարգացումներ է ունեցել, արդյո՞ք տեղափոխվել է իրավական հարթություն, փորձեցինք ճշտել ոստիկանությունից: Լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ նման ահազանգ ստացվել է ոստիկանության Արտաշատի բաժնում, նյութեր են նախապատրաստվում: Երեկ երեկոյան տեղեկացանք, որ նախապատրաստված նյութերն արդեն ուղարկվել են Արարատի մարզային վարչություն: Ծեծված երիտասարդին տրվել է դատաբժշկական ուղեգիր, իսկ Արգամիչի գործարանի արտադրական պետին ոստիկանություն են հրավիրել, ապա ստորագրությամբ բաց թողել:
Նշենք, որ Վարդան Վարդանյանը 30 տարեկան է, իսկ ծեծի ենթարկված Արամը՝ նրանից մոտ 6-7 տարով մեծ: Մնում է ուշի ուշով հետեւել իրավապահ մարմինների գործողություններին, արդյո՞ք Արգամիչի աշխատակիցը կպատժվի իր ենթակային ծեծի ենթարկելու համար, թե՞ այն կորակվի որպես «մի մուշտի»:




























