«Հրապարակը» գրում է. «Հուլիսի 3-ին Ռուբեն Հայրապետյանի՝  պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարությունը հիմա կարելի է վստահորեն ասել, որ նախագահական նստավայրի բեմադրած ներկայացումն էր: Սեփական ռեստորանում թիկնապահ-գազանների ձեռամբ Վահե Ավետյանին հոշոտած Նեմեցն այլեւս մոռացել է իր սրտաճմլիկ տեքստը եւ այս թեմայով հարցերին պատասխանում է նույն լպիրշությամբ, ինչպես նախկինում:

Մեզ հետաքրքրում էր՝ արդյո՞ք Ռուբեն Հայրապետյանն այս ընթացքում չի փոշմանել, կամ էլ իր ընկեր Սամվել Ալեքսանյանը չի համոզել, որ հետ կանգնի մանդատը վայր դնելու մտքից: Հիշեցնենք, որ չնայած Հայրապետյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին, սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է որոշակի իրավական գործընթացներ իրականանան: «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, մանդատից պատգամավորի հրաժարականը գրավոր ներկայացվում է Ազգային ժողովի նախագահին, ով դա հրապարակում է ԱԺ առաջիկա նիստում:

Դրանից հետո, եթե հրաժարական ներկայացրած պատգամավորը 15 օրվա ընթացքում ետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա համարվում է ընդունված, ինչի վերաբերյալ ԱԺ նախագահն արձանագրություն է կազմում եւ ուղարկում ՀՀ ԿԸՀ: Եթե Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն այդ ժամանակ հրապարակվի, ապա կարող է ընդունված համարվել սեպտեմբերի 25-ից հետո: Մինչ այդ Ռուբեն Հայրապետյանը ցանկացած պահի կարող է ետ վերցնել իր հրաժարականը:

Հայտնի է, որ Հայրապետյանի հրաժարականը ներկայացվեց ամռանը, երբ արդեն ԱԺ-ն արձակուրդ էր գնացել, իսկ ԱԺ առաջիկա նիստը նախատեսված է սեպտեմբերի 10-ին: Ասել է թե՝ բարեհաջող ընթացքի դեպքում նա մանդատից կզրկվի միայն սեպտեմբերի վերջին: Մինչդեռ, հաշվի առնելով Հայրապետյանի ներկայիս պահվածքը, բացառված չէ, որ նա փոշմանի: Իսկ նման փորձ նա ունի՝ մի ամբողջ ազգի առաջ ժամանակին հրապարակավ հայտարարեց, թե պատգամավորության թեկնածու չի առաջադրվելու, հետո փոշմանեց, իբր` ինձ համոզեցին առաջադրվել:

Ինչեւէ, երեկ փորձեցինք Հայրապետյանից անձամբ տեղեկանալ՝ ուժի մե՞ջ է հրաժարականի դիմումը: Եվ Նեմեցը գործի դրեց իր հովվական բառապաշարը.

Դուք հայերեն լեզուն չեք հասկանում, հա՞, երեւի… Ինչքա՞ն կարելի ա, քանի՞ անգամ եմ ասել՝ ինձ հեռախոսով չզանգեք-հարցազրույց չվեկալեք:

Հարցազրույց  չենք ուզում, մեկնաբանություն է պետք ընդամենը:

Մեկնաբանությունն ի՞նչ ա, մեկ ա՝ դու շատ լավ մեկնաբանում ես, շատ լավ փորձագետներ եք եւ ամենագրագետներն եք, ի՞նչ ա դա:

Պարզապես ուզում էինք իմանալ՝ Ձեր մանդատը վայր դնելու հարցը դեռ ուժի մե՞ջ է, թե՞ փոշմանել եք:

Տո քո ի՞նչ գործ` ինչ եմ անելու…»: