«Հրապարակը» գրում է, որ Աշտարակում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունները բուռն մթնոլորտ են խոստանում: Քաղաքում խոսում են աթոռին հավակնող 15-16 թեկնածուի մասին:

Թեկնածուներ ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ընդդիմությունը, Աղվան Հովսեփյանը, անգամ մի նախկին ուսուցչուհի է՝ Տերտերյան Հայրենուհի անունով, պատրաստվում առաջադրվել, որի աղջիկն ամուսնացել է Տարոն Մարգարյանի վարորդի որդու հետ, եւ գտնում է, որ ինքը շատ լուրջ «տանիք» ունի ու կարող է քաղաքապետ դառնալ: Ի դեպ, նրան հարազատ քաղաքում «Վայրենուհի» անունով են հիշատակում, քանի որ համարձակվել է իրեն աշխատանքից ազատած տնօրենի դեմ պայքարել եւ դատարանում էլ հաղթել:

Աշտարակի գործող քաղաքապետը, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, այլեւս չի առաջադրվելու: Ասում են՝ պատճառը տարիքն է: Ուշագրավ է հատկապես գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործունեությունը: Ապարանցիներից պատգամավորական փոքրիկ «ֆրակցիա» ստեղծելուց հետո հիմա էլ նա փորձում է համայնքապետերի թիմ ձեւավորել եւ համայնքի ղեկավար նշանակել ոչ միայն Ապարանում, այլեւ Արագածոտնի գրեթե բոլոր համայնքներում:

Աշտարակում նրա թեկնածուն «Աշտարակի ձոր» հայտնի ռեստորանի տերն է՝ Կարեն Գեւորգյանը  (Ձորի Կարիկ), որը 90-ականներին եղել է քաղաքապետ եւ հիմա փորձում է վերադառնալ իր պաշտոնին: