Վերջին Աժ ընտրություններից անմիջապես հետո Գյումրվա երկարամյա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կորցնում է աթոռը: Ճիշտ է, նա փորձեց տարբեր խաղերի, ընդհուպ մինչեւ սպառնալիքների միջոցով հերթական անգամ առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար, սակայն արդեն փաստ է, որ պարոն Ղուկասյանը շատ շուտով կլքի քաղաքապետարանը: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը: 

«Սակայն Վ. Ղուկասյանը, չնայած այս բարդագույն իրավիճակին, այնուամենայնիվ, դեռ ապագայի հույսեր փայփայում է ու համապատասխան ծրագրեր է մտմտում: Համենայնդեպս, Գյումրու  մեր աղբյուրները պնդում են, թե առաջիկա ընտրություններին պարոն Ղուկասյանը ցանկանում է լուրջ ֆինանսական միջոցներ տրամադրել ավագանու մի շարք յուրային-թեկնածուների: Ավելի ճիշտ, այնքան թեկնածուի, որ կարողանա հայրաքաղաքի ավագանում իր համար մեծամասնություն ապահովել: Եվ եթե դա հաջողվի, մնացածը կդառնա տեխնիկայի խնդիր, ի՞նչ կա որ, կարելի է մի երկու անգամ քաղաքային բյուջե, տարբեր այլ քաղաքային նշանակության խոշոր ծրագրեր տապալել ու դրանից հետո ապագա քաղաքապետ Սամվել Բալասանյանը հազիվ թե կարողանար երկար դիմանալ Վարդանիկի «պապենական» աթոռին:

Ի դեպ, չար լեզուներն ասում են, որ Վ. Ղուկասյանից զատ մի տեսակ թարսվել են նաեւ նրա որդու` Սպարտակ Ղուկասյանի գործերը: Վերջինս, ինչպես հայտնի է, դեռ մանկուց երազում է ստանալ «օրենքով գողի» «երանելի» կարգավիճակը, դրա համար ինչ ասես արել է, անգամ հոր քաղաքապետության օրոք կարողացավ բանտում հայտնվել: Եվ ահա նույն աղբյուրները վստահեցնում են, թե վերջերս Ս. Ղուկասյանը շատ մոտ էր իր երազանքների իրականացմանը: Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ նա փորձում էր Մոսկվա գնալ, որը, սակայն, կանխվեց ԱԱԾ-ի կողմից: Եվ ահա  մեր աղբյուրները նշում են, թե այդ այցի նպատակը «օրենքով գողի» կարգավիճակի համար վերջին փուլն անցնելն էր: Ավելին, նույն աղբյուրները պնդում են նաեւ, որ Ս. Ղուկասյանը, այնուամենայնիվ, այդ ամենից հետո կարողացավ գնալ Մոսկվա եւ նույնիսկ հանդիպել Դեդ Հասանի հետ: Ճիշտ է, Գյումրիում օրերս շրջանառության մեջ մտան «պատի տակի» խոսակցություններ, թե Ս. Ղուկասյանը Մոսկվայում ճանաչվել է «օրենքով գող», սակայն մեր աղբյուրները համոզված պնդում են, որ դա այդպես չէ, եւ որ այդ երազանքների կարգավիճակը դեռ մնում է անհասանելի»,- գրում է «Իրավունք»-ը: