«Հրապարակը» գրում է, որ Աշտարակ քաղաքում կրքերը շարունակում են եռալ: Երեկ թեեւ Գալուստ Սահակյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հայտարարեց, թե այն տարածքներում, այդ թվում եւ Աշտարակում, որտեղ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին, դեռ թեկնածուները հաստատված չեն, սակայն, մեր տեղեկություններով, այստեղ արդեն վերջնական որոշում է կայացված՝ ՀՀԿ թեկնածուն ժամանակին փոխքաղաքապետ աշխատած Արմեն Անտոնյանն է, որին, սակայն, աշտարակցիները լավ չեն ճանաչում: Իսկ ովքեր ճանաչում են, հիշում են, որ նրա պապը 37 թվին «շատերի տունն է քանդելե՝ մասնակցել է ռեպրեսիաներին:
Մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակի քաղաքապետի մյուս թեկնածուներին ասվել է, որ չառաջադրվեն, եւ ըստ ամենայնի, չեն առաջադրվի ոչ նախկին քաղաքապետ Աշոտ Ղալաչյանը, ոչ նախկին քաղաքապետ Կարեն Գեւորգյանը՝ Ձորի ռեստորանի տերը, ով Աղվան Հովսեփյանի թեկնածուն էր:
Ողջ ադմինիստրատիվ եւ ՀՀԿ ռեսուրսը կաշխատի Արմեն Անտոնյանի օգտին, ով Սերժ Սարգսյանի մորաքրոջ աղջկա ամուսնու ընկերն է, եւ, ըստ լուրերի, հենց նա էլ միջնորդել ու երաշխավորել է Անտոնյանի համար: Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Գագիկ Թամազյանին, ով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի ազգականն է, ապա նրանից դժգոհ է եւ Աշտարակի բնակչությունը, եւ իշխանությունը:
Աշտարակի բնակչությունը՝ քաղաքը վատ վիճակում պահելու, կամայական որոշումների համար, իշխանությունը՝ մայիսի 6-ի ընտրություններում ՀՀԿ-ի արձանագրած խայտառակ արդյունքների: Աշտարակում լուրեր էին շրջում, թե նրանից դժգոհությունն այնքան մեծ է, որ ժամանակից շուտ ստիպել են հրաժարական տալ, սակայն մենք տեղեկացանք, որ քաղաքապետը հրաժարական չի տվել՝ աշխատելու է, մինչեւ իր հաջորդն անցնի պաշտոնավարման՝ մինչեւ հոկտեմբեր ամիսը:




























