Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել 8-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու փաստոց հարուցված քրգործի վերաբերյալ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 22-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ եւ Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողությունների փորձ կատարելու եւ համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի տվյալներ պահելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայից բերման ենթարկեցին Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցի 17/1 շենքի բնակիչ, 28-ամյա Դավիթ Փահլեւանյանին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու նպատակով «Odnoklassniki.ru» ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է 8-ամյա մի աղջնակի հետ եւ վերջինիս հետ նշանակել հանդիպում:
Անձնական խուզարկությամբ նրա բջջային հեռախոսի հիշողության մեջ հայտնաբերվեց անչափահասների մասնակցությամբ պոռնկագրական բնույթի 2 տեսանյութ:
Փաստի առթիվ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասի եւ 263 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Դավիթ Փահլեւանյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանությունը դիմում ու հորդորում է ծնողներին` երեխաներին այսպիսի եւ նմանատիպ ոտնձգություններից պաշտպանելու լավագույն միջոցը նրանց մշտապես ուշադրության տակ ու ոչ մանկական զբաղմունքներից զերծ պահելն է:


























