30-ամյա Լուիզա Ազիզյանը շատ փոքր է եղել, երբ նրա ծնողները ամուսնալուծվել են եւ դեռ վաղ մանկուց ճաշակել է ճակատագրի հարվածները: Ինքը 20 տարեկանում ամուսնացել է սիրելով, սակայն համատեղ կյանքի ընթացքում այդ սերը վերածվել է ատելության: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Լուիզա Ազիզյանը (անունը փոխված է-խմբ.):

Նրա պատմելով ամուսնությունից կարճ ժամանակ անց ամուսինը անհիմն առիթներով խանդել է իրեն, ծեծել եւ տեսարաններ սարքել: Մի քանի անգամ  Լուիզան  փորձել է հեռանալ, սակայն հայրական տանը չի կարողացել երկար մնալ, քանի որ ամուսինը սպառնացել է, որ կվնասի հարազատներին եւ կեղծ խոստումներով հետ է բերել կնոջը: Սակայն որոշ ժամանակ անց սկսվել է նույն դժոխային կյանքը` ծեծն ու հայհոյանքը: Ամուսնության ընթացքում ունեցել են երկու երեխա` ովքեր, ցավոք սրտի, պարբերաբար ականատես են եղել, թե ինչպես է հայրը ծեծում ու նվաստացնում իրենց մորը: Փոքր երեխան ունի խնդիրներ` չի խոսում, նյարդային է եւ տառապում է անքնությամբ:

Ընտանեկան կոնֆլիկտները իրենց ազգեցությունն են թողել երխաների վրա: Բայցեւայնպես, տագնապը սրտում Լուիզան ամեն օր սպասել է ինչ-որ փոփոխության, սակայն ամեն ինչ գնալով ավելի է վատացել:

«Չէին դադարում ծեծն ու նվաստացումները, անհիմն եւ հիվանդագին խանդը, որի պատճառով նա սպառնում էր ինձ, որ կսպանի դավաճանության համար: Սակայն մեկ օր այս դաժանությունն ու անարդարությունը հասան իրենց գագաթնակետին: Ամուսինս, դաժանաբար ծեծելով ինձ, ստիպեց, որ ծնկաչոք ներողություն խնդրեմ չարած սխալներիս համար: Իսկ վերջում ցանկանում էր խանդի հողի վրա խեղդամահ անել ինձ»,- վերհիշեց  Լուիզան: 

Այդ օրը նա հրաշքով փրկվել է եւ փախել հայրական տուն: Հարազատների միջոցով իմացել եւ դիմել է Կանանց իրավունքների կենտրոն: Ստանալով հոգեբանական աջակցություն եւ իրավաբանական օգնություն, կնոջ հոգեբանական խնդիրները որոշակիորեն հարթվել են, ինչի արդյունքում նա ձեռք է բերել հոգեկան հավասարակշռություն: Այժմ իրավաբանի օգնությամբ Լուիզան դիմել է դատարան ամուսնալուծության եւ ալիմենտային պահանջով` հուսալով, որ կհաջողվի կյանքը սկսել նորովի` առանց բռնության, ծեծի եւ հայհոյանքների:

Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28: