Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր վարել է ավագ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոտյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց նախորդ տարվա աշխատանքի համար եւ դիմելով նրանց նշել. «Բոլոր խնդիրներով հանդերձ մեզ հաջողվեց ապահովել անցումը 12-ամյա համակարգին, անցած ուսումնական տարում մենք ունեցանք առաջին 12-րդ դասարանը: Թեեւ դեռեւս կան բազմաթիվ չլուծված խնդիրներ եւ այս փոփոխության հանրային ընկալումը միանշանակ դրական չէ, բայց հերքելով բոլոր ասեկոսեները, ուզում եմ շեշտել, որ 12-ամյա կրթության համակարգը հետադարձ չունի: Հերթական անգամ հայտարարում եմ, որ խոսակցություններն այն մասին, թե 12-ամյա կրթության համակարգից կրկին անցում է կատարվելու 11-ամյա կա 10-ամյա համակարգի, ընդամենը խոսակցություններ են: Մենք դեռեւս փորձարկման փուլում ենք եւ ես դժվար է առայժմ հայտարարել, թե 12-ամյա կրթության համակարգը կայացել է: Այդ համակարգի առաջին շրջանավարտները մենք կունենենանք 2018թվականին: Իսկ մինչ այդ, ուժերի համատեղմամբ պետք է լուրջ աշխատանք տանենք կրթական ծրագրերի, դասագրքերի, գնահատաման համակարգի եւ այլ խնդիրների բարելավման ուղղությամբ»:
Նախարարը տնօրենների ուշադրությունն է հրավիրել եւ շեշտել կրթական ոլորտի իրավական պահանջների կատարման կարեւորությունը. «Շատ խիստ ենք վարվելու այն տնօրենների հետ, ովքեր կրթության եւ գիտության նախարարության կողմից կատարված դիտարկումների արդյունքում կունենան իրավական բացթողումներ»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարը շեշտել է նաեւ կրթության որակի բարելավման խնդիրը, նշելով, որ այս տարվանից ավագ դպրոցների աշակերտների կրթության կազմակերպման համար կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը ավելացել է: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից սկսած ՀՀ ԿԳՆ-ի կողմից խիստ վերահսկողություն կսահմանվի հատկապես մայրաքաղաքի ավագ դպրոցների նկատմամբ:
Աշակերտների հաճախումների հետ կապված կեղծ տվյալներ հայտնաբերելու դեպքում նախարարության մոտեցումը խիստ է լինելու: «Աշակերտների բացակայությունները թաքցնելու դեպքեր հայտնաբերելու դեպքում տվյալ տնօրենը կունենա լուրջ խնդիրներ՝ ընդհուպ կարող է ազատվել աշխատանքից: Ավագ դպրոցի բոլոր աշակերտները պարտավոր են հաճախել դպրոց»,- ընդգծել է նախարարը, հավելելով, որ ավագ դպրոցներին տրված ազատական մոտեցումները, ինչպես ցույց է տալիս փորձը, երբեմն փորձ է արվում չարաշահել ինչպես կրթության կազմակերպման պատասխանատուների, այնպես էլ աշակերտների ծնողների կողմից:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ ԿԳ նախարարը անդրադարձել է նաեւ սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման գործին եւ հանձնարարել տնօրեններին նրանց համար ապահովել բոլոր պայմանները` նշելով, որ սիրիահայ երեխաները կարող են դիմել եւ սովորել ցանկացած դպրոցում:
«Ձեր առաջնային պարտավորությունն է սիրիահայ երեխաների համար ապահովել բոլոր պայմանները, կազմակերպել լրացուցիչ արտաժամյա պարապմունքներ` լեզվական իմացության եւ ծրագրային տարբերություններով պայմանավորված խնդիրները հարթելու համար: Յուրաքանչյուր սիրիահայ երեխա մեր ժողովրդի զավակն է եւ նրա կրթությունը քաղաքական եւ պատերազմական ֆորս մաժորի հետեւանքով չպետք է տուժի»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:




























