Հայաստանի Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:

«Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, եւ որեւէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի կարող վերախմբագրել այդ փաստը:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին եւ դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով հերոսացվում եւ ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան սովորական հանցագործ` ընդունակ կացնահարելու քնած մարդուն:

Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային արժեքների որեւէ նշույլ:

Ցանկացած սթափ եւ առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել:

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով եւ տեր կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են ամենաանհավանական հանցանքներին, եւ դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն Հայաստանը, այլեւ միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

Մենք ուշադրությամբ կհետեւենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած հակաբնական եւ հակաքաղաքակիրթ քայլին»,- ասվում է Հանրային խորհրդի հայտարարության մեջ: