«Չնայած բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների ամպագորգոռ ու շնչասպառ խոստումներին, 2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ Գյումրու Մուշ-2 թաղամասում անօթեւանների համար կառուցվող որեւէ բնակարան շահագործման չի հանձնվել»,- ասված է լրագրողների «Ասպարեզ» ակումբի տարածած հայտարարության մեջ:

Ակումբը 2009 թ.-ի դեկտեմբերի 4-ին լրագրողներին ուղղված կոչ էր հրապարակել, որտեղ մտահոգություն էր հայտնել այն մասին, որ գյումրեցի անօթեւաններին խոստացված եւ մինչեւ տարեվերջ շահագործման հանձնվելիք բնակարանների շինարարությունը ձախողված է: Դրան հետեւել էր «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը, որում նույնպես նման մտահոգություն էր հայտնվել: Դեկտեմբերի 7-ին շինարարության կապալառու «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում, մասնավորաբար, ասվում էր. «…22 շենքերի 1056 բնակարանների մի մասի ներքին հարդարման աշխատանքներն ավարտված են, մի մասինը` վերջին փուլում են: Տանիքները և ծածկերը տեղադրված են, դրանցից երեքինը տեղադրման ընթացքում են: Անցկացված են տարածքի կոմունիկացիաները: Ինչպես նախատեսված է բնակարանաշինության պետական ծրագրով, այս տարվա ավարտին „Գլենդեյլ Հիլզը“ ՀՀ կառավարությանը կհանձնի արդեն պատրաստի բնակարաններն ու տները»: Նույն օրը Գյումրի այցելած ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը լրագրողներին ասել էր. «Չեմ կարծում, որ պետք է կասկածի տակ առնել ծրագրի իրականացումը, որովհետև շինարարությունն ընթացքի մեջ է. այս տարի 1050 բնակարանի շինարարություն է ավարտվելու, իսկ մյուս տարի ավարտելու ենք 1980 բնակարանի շինարարությունը»:

Դեկտեմբերի 23-ին շինհրապարակ այցելած Սերժ Սարգսյանը, դժգոհելով շինարարության որակից, Շիրակի մարզպետարանում չնախատեսված խորհրդակցություն է ունեցել իր ենթակաների հետ, որտեղ Ս.Սարգսյանը ասել է, թե շենքերի ներքին հարդարման աշխատանքներում նկատելի են զգալի թերություններ, ինչն ուղղակի անթույլատրելի է: Շեշտելով, որ նախատեսված շինարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու հետ մեկտեղ չպետք է տուժի որակը՝ Ս.Սարգսյանը կարգադրել է ամբողջությամբ վերացնել եղած թերությունները եւ, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Կառուցապատող ընկերությունը եւ համապատասխան պետական գերատեսչությունները պետք է հետեւություններ անեն»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը։ Նա հանձնարարել է նաեւ լուծել տարածքի բարեկարգման, կանաչապատման, ենթակառուցվածքների ապահովման հետ կապված խնդիրները:

«2009 թվի դեկտեմբերի 31-ի ժամը 23:59-ի դրությամբ ոչ կառավարությանը եւ ոչ էլ անօթեւաններին շահագործման չի հանձնվել որւեէ մեկ բնակարան մեկ տարի շարունակ խոստացված 1320 (ապա` 1056)-ից:

Այսպիսով, անօթեւաններին հերթական անգամ խաբեցին: Ոչ մի պաշտոնյա ներողություն չի խնդրել 21 տարուց ավելի բնակարանի սպասող անօթեւաններից: Բավականաչափ իրատես ենք վստահաբար ասելու, որ այս ձախողման համար ոչ մի պաշտոնյա կամ կազմակերպություն վարչական կամ քրեական պատասխանատվության չի ենթարկվելու:

Իշխանությունները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել հանրությանն այն մասին, թե ինչո՞ւ եւ ովքե՞ր ձախողեցին գյումրեցի անօթեւանների համար բնակարանաշինության առաջին հերթի աշխատանքները, նշելով այն միջոցառումները, որոնցով պատասխանատվության են ենթարկվել կամ ենթարկվելու ձախողման մեղավորները: Բացի այդ, իշխանությունները, օրինական պարտականություններով ծանրաբեռնված լինելու տպավորություն ստեղծելու համար գոնե, պարտավոր են ողջամիտ պարբերականությամբ եւ բավարար մանրամասնություններով հանդես գալ հանրային հաշվետություններով այն մասին, թե ինչպես են ծախսվում հանրային միջոցներն այս ամբողջ շինարարության ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ: