Զինյալների առաջնորդներից Դոկու Ումարովը (Աբու Ուսման) 1 մլն ռուբլի է պահանջել «Վաշ ֆինանսովի պոպեչիտել» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վասիլի Բոյկոյից: Ինչպես հայտնում են ծայրահեղականները, Բոյկոն պարտք է այդ գումարը մոսկովյան կրոնավոր Դանիիլ Սիսոեւի մարդասպանի վերաբերյալ տեղեկության համար: Հայտնի գործարարն ու նրա փաստաբանները սպառնալիքները գտել են ծայրահեղականների kavkazcenter.com կայքում: Հրապարակմանը կցել են Բոյկոյի լուսանկարը, զետեղվել են նաեւ տեղեկություններ նրա բիզնեսի եւ ընտանիքի անդամների մասին:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Բոյկոն, որ որպես մեղադրյալ է հնդես գալիս մերձմոսկովյան հողերի շուրջ մեքենայությունների վերաբերյալ, արդեն ԱԴԾ-ից խնդրել է պաշտպանություն տրամադրել իրեն:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 25-ին ծայրահեղականները իրենց կայքում պատասխանատվություն էին ստանձնել Դանիիլ Սիսոեւի սպանության համար, որը համարվում էր ամենաակտիվ քրիստոնեական միսիոներներից մեկը եւ դարձի էր բերել 80 մահմեդականի:

Հայր Դանիիլի սպանությունից մի քանի օր անց Վասիլի Բոյկոն 1 մլն ռուբլի էր խոստացել հանցագործի վերաբերյալ տեղեկության համար: Եւս 100 հազար խոստացել էր ապօրինի ներգաղթի դեմ շարժման նախկին ղեկավար Ալեքսանդր Բելովը: Զինյալների կարծիքով, հայտնելով սպանության կազմակերպչի մասին, իրենք պետք է ստանան այդ գումարները: Ընդ որում, 1,1 մլն ռուբլու ստացման ժամն ու ձեւը չի նշվել: