Հունվարի 12-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պետք է սկսի վիճելի տեղամասերում քվեաթերթիկների վերահաշվարկը։ Հիշեցնենք, որ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ինչպես «Ազգային միաբանության» թեկնածու Արա Սիմոնյանի, այնպես էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի շտաբները: 11 դիմում ներկայացրել է Արա Սիմոնյանի շտաբը, 2 դիմում` Նիկոլ Փաշինյանի շտաբը:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով 10-րդ ընտրատարածքում հաղթող թեկնածու է համարվում Արա Սիմոնյանը: Անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ Արա Սիմոնյանի շտաբի կողմից վերահաշվարկի դիմումների ներկայացումը նպատակ ունի ձախողել ընդդիմության մատնանշած տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկը, քանի որ եթե վերահաշվարկի ենթակա տեղամասերի քանակը շատ լինի, ընտրատարածքային հանձնաժողովի չի հասցնի մինչեւ սահմանված ժամկետի ավարտը հաշվարկել ընդդիմության պահանջած տեղամասերի քվեաթերթիկները։

10-րդ ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններն աչքի են ընկել ընտրողների շատ ցածր մասնակցությամբ: Ընտրության է գնացել ընտրողների ընդամենը 24 տոկոսը: Նրանցից 7 622-ը քվեարկել են Արա Սիմոնյանի, 5 035-ը` Նիկոլ Փաշինյանի եւ 299-ը` Դավիթ Հակոբյանի օգտին: