«Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հարբերություններում 2009 թվականին սառնություն է նկատվել»,- այս մասին նշել է The James Town Foundation ամերիկյան վերլուծական կենտրոնը։ Կենտրոնի փորձագետները արձանագրել են, որ Վաշինգտոնի վարած արտաքին քաղաքականության պատճառով Բաքուն մեծ հիասթափություն է ապրում, եւ եթե ստեղծված իրավիճակին ուշադրություն չդարձվի, ապա այն կարող է խոչընդոտել էներգետիկ պաշարներով հարուստ տարածաշրջանում ԱՄՆ ռազմավարական խնդիրների իրականացումը։

Փորձագետները նշել են, որ առաջին հերթին Ադրբեջանի իշխանությունները խիստ մտահոգված են, որ ԱՄՆ-ը պահանջում է բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց «ազատագրելու Ադրբեջանի գրավյալ տարածքները»։ Վերլուծական կենտրոնը ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ Բաքվի իշխանությունները սահմանի բացման համար պարտադիր նախապայման են համարում տարածքների ազատումը։ «Նրանք վստահ են, որ Սպիտակ տան դիրքորոշումը ոչ միայն չի համընկնում Ադրբեջանի դիրքորոշմանը, այլեւ խոչընդոտում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը, քանի որ Հայաստանին հնարավորություն են տրվում խուսափել փոխզիջումներից»,- նշված է կենտրոնի հոդվածում։

The James Town Foundation-ը մեջբերել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նովրուզ Մամեդովի խոսքերը, թե «քանի որ ԱՄՆ-ը „Ադրբեջանի հողերը օկուպացրած“ Հայաստանին բարոյական եւ ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերում, ապա մենք Վաշինգտոնից որեւէ աջակցություն չենք ակնկալում»։

Նշված է նաեւ, որ Բաքվին վրդովվեցրել է Լեռնային Ղարաբաղին ԱՄՆ-ի տրամադրած 8 մլն դոլար օգնությունը, եւ հատկապես այն, որ « ԶԼՄ-ների եւ խոսքի ազատության» ամենամյա զեկույցում ԼՂՀ-ն նշվել է որպես հայ-ադրբեջանական տարածք։ Բաքվում դա ընդունվել է, որպես անարգանք։

«Եվ այսպես, Ադրբեջանը ավելի հաճախ է սկսել դժգոհություն արտահայտել ԱՄՆ արտաքին քաղաքականությունից, ինչից կարելի է հետեւություն անել, որ երկկողմ հարաբերություններում սառնության դրսեւորումը, ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական է»,- եզրակացրել է կենտրոնը։