Լոռիի մարզի գյուղական համայնքների բնակիչներն արդեն սկսել են ձմռան նախապատրաստման աշխատանքները: Լոռեցիների համար լուրջ խնդիր է հատկապես բնակարանները ձմռանը տաքացնելը, հատկապես այն համայնքները, որոնք գազաֆիկացված չեն, օգտագործում են էլեկտրաէներգիա, իսկ ավելի չքավոր համայնքները՝ փայտ ու աթար: Ինչպես հայտնում է  NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մարզի 105 համայնքներից 78-ը գազաֆիկացված են, մնացած 28-ը՝ոչ:

Կառավարության կողմից մարզերին հատկացված վերջին երրորդ հրատապ ծրագրով Լոռիի մարզում այս տարի գազաֆիկացվել են  Մարց, Մղարթ, Կողես, Յաղդան, Ապավեն  համայնքները: Չնայած այս ամենին, գազաֆիկացված համայնքների բնակիչների մեծ մասը եւս օգտագործում է վառելափայտ ու աթար, ինչի պատճառն ըստ նրանց գազի գնի բարձր լինելն է:

Լոռիի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի փոխանցմամբ` պետությունը փորձում է համայնքները գազաֆիկացնել, սակայն բնակչությունը այդպես էլ կամ չի դառնում գազի բաժանորդ, կամ էլ քիչ է օգտագործում:  Ջանազյանի փոխանցմամբ համայնքներ էլ կան, որտեղ բաժանորդների թիվն է քիչ:

Չնայած կառավարության նախորդ տարվա որոշմամբ անտառամերձ շրջանների բնակիչները թափուկ վառելափայտը կարող են ձեռք բերել անվճար, միեւնույնն է, գյուղացիները պնդում են, որ անտառներում այլեւս թափուկ չի մնացել, իսկ եղածներն էլ գտնվում են անմատչելի վայրերում: Այստեղ արդեն բնակչության միակ հույսը մնում է ապօրինի  անտառահատումը, քանի որ օրինական գնելու դեպքում բնակիչը մեկ խորանարդ վառելափայտի համար պետք է վճարի 12-15 հազար դրամ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի