ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությանն է դիմում եւ գյուղատնտեսական տարին սկսելուց առաջ եւ ավարտելուց հետո, ու դրա մեջ արտասովոր ոչինչ չի տեսնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարը` մեկնաբանելով նախկինում արած իր հայտարարության շահարկումները:
«Մտածել, որ Սերգո Կարապետյանը հավատացյալ դարձավ նախարար նշանակվելուց հետո, լրիվ անհեթեթություն է : Ի վերջո, ես միշտ էլ փոքրիշատե ճանաչված եմ եղել, եւ շրջապատում բոլորը գիտեին, որ հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդներից եմ: Մայր Աթոռի օրհնությունը միշտ եմ հայցել, բոլոր հնարավոր առիթներով՝ եւ ընտանիքիս համար, եւ սեփական գործ դնելու ժամանակ, եւ նախարար նշանակվելուց հետո: Ինձ անհաջողակ չես համարի: Շնորհակալ եմ Տիրոջից, ամեն ինչի հասել եմ: Եվ ինչքան անշնորհակալ պետք է լինեի դրա մեջ միայն իմ աշխատասիրությունն ու խելքը տեսնելու դեպքում: Չգիտեմ Դուք ինչպես, բայց ես համոզված եմ, որ առանց հավատի սերմը ծիլ չի տա, ծիլը ծառ չի դառնա: Ինչեւէ, եթե ես Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությանն եմ դիմում եւ գյուղատնտեսական տարին սկսելուց առաջ եւ ավարտելուց հետո, դրա մեջ արտասովոր ոչինչ չեմ տեսնում: Սակայն չգիտես ինչու իմ այսքան բնական քայլը ոմանց կողմից , քիչ է ասել , շարունակաբար ոխակալությամբ է ընդունվում»,- նշել է Կարապետյանը:
Վերջինիս խոսքով, չարությունը, մարդուն հունից հանելու մոլուցքը զարմացնում է ինձ: «Ի վերջո, բոլորը լավ գիտեն, որ Հայոց Հավատքի տունը կանգուն է քրիստոնեության հիմքի վրա: Հրաշալի գիտեն, որ մեր հավատքի խորհրդանիշները պտղաբերվող բնության մեջ են , որ մեր նախնիներն օրհնել են ցանքի առաջին ակոսը, հավաքվող հասկի առաջին խուրձը, տարվա բերքից թխված առաջին հացը, տարվա խաղողից քամված առաջին գավաթ գինին, խաղողօրհնեք է եղել եւ այլն, եւ այլն… Եվ մենք էլ մեր ավանդական հավատով ու վերջինիս պատշաճող ծեսով հեծանիվ չենք հայտնաբերում»,- նշել է նախարարը եւ հավելել. «Ուղղակի այստեղ ցեղի խնդիր կա, տեսակի խնդիր կա, ազգային պատկանելության եւ ավանդների խնդիր կա: Յուրքանչյուր շեղում այս ամենից, մեր դժվարին ժամանակներում ազգային անվտանգության մարտահրավերների առաջ է մեզ կանգնեցնում: Քրիստոնեական հավատքին եւ մեր պապերի ավանդներին հավատարիմ լինելու մասին քամահրանքով խոսացող հայը առաջին հերթին ոտնձգություն է կատարում մեր ինքնության հանդեպ: Այս չտրամաբանված մաղձը ջլատում է ազգը, կասկածի եւ անորոշության մեջ պահում ազգային յուրաքանչյուր դրսեւորում»:





























