Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական մրցակցային ընտրությունները արժանացան միջազգային հանրության լռելյան եւ մի շարք հեղանակավոր կազմակերպությունների ու անհատների հրապարակային դրվատանքին: Առաջիկայում, սակայն, մենք կարող ենք ականատեսը լինել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին քննադատող հայտարարությունների եւ հրապարակումների: Ադ մասին ասվում է մի շարք լրագրողների տարածած հայտարարության մեջ:

«Պատճառը լրագրող Հայկ Խանումյանի նկատմամբ իրականացվող հետապնդումն է, որին, ինչպես այլ դեպքերում, տրվում է քրեական երանգ: Հայկ Խանումյանը դեռեւս  Ստեփանակերտում մնացած այն լրագրողներից է, ով պարբերաբար անկաշկանդ  քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը, վեր հանել մի շարք հոռի երեւույթներ: Այսօր Հայկ Խանումյանին նստեցրել են մեղադրյալի աթոռին, որովհետեւ այն, ինչ գրում է նա, հաճելի չէ իշխանության տարբեր ներկայացուցիչների համար:

Լեռնային Ղարաբաղի իշխանության տարբեր ներկայացուցիչներ հարցազրույցներում պնդում են, թե Հայկ Խանումյանը իր կնոջ ներկայությամբ ծեծել է Արցախի պետական համալսարանի ռեկտորի տեղակալին: Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել խուլիգանության մեղադրանքով: Իրականում, սակայն, հետեւողական եւ սուր հոդվածներով հայտնի Հայկ Խանումյանի հանդեպ իրականացվել է սադրանք այն բուհի ղեկավարության կողմից, որտեղ ժամանակին դասավանդել է նաեւ Հայկը: Դատավարությունը ընթացքի մեջ է: Լրագրող Հայկ Խանումյանը կարող է դատապարտվել մինչեւ երկու տարվա ազատազրկման:

Լեռնային Ղարաբաղի իշխանություններին հորդորում ենք դադարեցնել լրագրող  Հայկ Խանումյանի նկատմամբ հետապնդումները եւ կարճել քրեական գործը: Դա բխում է եւ´ չճանաչված Արցախի, եւ Հայկ Խանումյանի, եւ հայ լրագրության շահերից»,- նշել են հայտարարության հեղինակները:

Հայտարարության տակ ստորագրել են «Հետք» (www.hetq.am) էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, Սիվիլնեթի խմբագիր  Կարեն Հարությունյանը, գրող եւ լրագրող

Վահան Իշխանյանը, Օրակարգ» օրաթերթի պատասխանատու խմբագիր Մարատ Յավրումյանը, Լրագիր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր Հայկազն Ղահրիյանը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանը,  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, լրագրող Թաթուլ Հակոբյանը: