Երեւանի Չարենցի տուն-թանգարանի մոտակայքում տեղադրված Հրանտ Մաթեւսյանի արձանի մատը կոտրել են: NEWS.am-ի թղթակցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակաւյնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ հնարավորինս սեղմ ժամկետում ձգտելու են վերականգնել այն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վնասվել էին Երեւան քաղաքի  Աբովյան փողոցում գտնվող  «Մոսկվա» կինոթատրոնի  հարեւանությամբ  տեղադրված  Մհեր Մկրտչյանի  արձանը, որը վերականգնելուց հետ նորից տեղադրվել էր: Ի դեպ, այսօր ահազանգ է ստացվել, որ ճաքել է Մհեր Մկրտչյանի արձանի ծունկը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ ճաքն առաջացել է շարժի պատճառով:

Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշ ժամանակ հետո արձաններից յուրաքանչյուրը կտեղափոխվի  մեծերի տուն-թանգարաններ: Օրինակ` Ֆրունզիկի արձանը տեղափոխվելու է Գյումրի, Պարույր Սեւակինը` Զանգակատուն, Չարենցինը մնալու է Երեւանում:

Նշենք նաեւ, որ ըստ քաղաքապետի հանձնարարականի,  տեսախցիկներ կտեղադրվեն այն տարածքներում, որտեղ կա քաղաքային մշակույթի նոր ներդրումը: