39-ամյա Ա.Փ-ին «Եդեմ» ռեստորանային համալիրում Ք. Ա-ից պահանջել է մեկ օրվա ընթացքում վերադարձնել ընկերուհուց վերցրած պարտքը, հակառակ դեպքում սպառնացել նրա ամուսնուն եւ հարազատներին պատմել, որ զբաղվում է մարմնավաճառությամբ: Սպառնալիքից հետո մարմնավաճառուհին ինքնասպանության փորձ է կատարել: Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

39-ամյա Ա.Փ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Եդեմ» ռեստորանային համալիրում կրակայրիչով հարվածելով` գոռացել եւ հայհոյել է Ք. Ա-ին, նրանից պահանջել մեկ օրվա ընթացքում վերադարձնել իր ընկերուհի Կ. Պ-ի պարտքը՝ սպառնալով հակառակ դեպքում ամուսնուն եւ հարազատներին հայտնել նրա` մարմնավաճառությամբ զբաղվելու մասին, որից հետո Ք. Ա-ն ինքնասպանություն գործելու դիտավորությամբ վերադարձել է տուն, դանակով 2 անգամ հարվածել որովայնին, որից հետո տեղափոխվել է «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ  եւ ստացել համապատասխան բուժօգնություն:

Բացի այդ, 2011 թվականի ամռանից մինչեւ 2012թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, դրամական օգուտ ստանալով, նպաստել է իր ծանոթ մարմնավաճառներ Հ.Ն-ին, Հ. Մ-ին, Ս. Վ-ին, Լ.  Մ-ին պոռնկությամբ զբաղվելուն եւ տնօրինել է իր կողմից բերված հաճախորդների հետ նրանց սեռական հարաբերություններ ունենալու դիմաց վճարված գումարների մի մասը:

Քրեական գործ է հարուցվել 110 հոդվածի 1-ին մասով`սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը: Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Քրեական գործ է հարուցվել նաեւ 262  հոդվածի 2 մասի 5-րդ կետով` պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով: Սույն հոդվածն էլ պատժվում է 3-6 տարի ժամկետով: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 5-ին, առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: