33-ամյա Ալլայի ամուսինը ամուսնության 8 տարիների ընթացքում (անունը եւ տարիքը փոխված են) անցել է բոլոր թույլատրելի սահմանները ընդհուպ այն, որ կասկածել է կնոջ եւ հարազատ եղբոր բարիդրացիական, զուտ բարեկամական հարաբերություններին եւ ծեծի ենթարկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ալլան:
Նրա խոսքով, ամուսնության առաջին իսկ օրերից իր համար տարօրինակ է եղել ամուսնու վարքագիծը, նրա կտրուկ փոփոխվող հոգեվիճակը, մեկուսի եւ ինքնամփոփ տրամադրությունը, ճնշվածությունը, որը հաղթահարելի էր դառնում միայն խմիչքի առկայության դեպքում: «Սկզբնական ժամանակահատվածում ամուսինս փորձում էր թաքցնել իր բնավորության ոչ բարենպաստ կողմերը, թուլությունը խմիչքի նկատմամբ, սակայն ամուսնության 8 տարիներից միայն երկու տարի եմ հիշում ամուսնուս սթափ վիճակում, մյուս բոլոր տարիներին ամուսինս գտնվել է խրոնիկ հարբեցողության մեջ»,- ընդգծեց Ալլան: Կնոջ կարծիքով` ամուսնու հարբեցողության պատճառը նրա անհաջողակ լինելն էր, որի սփոփումը նա փորձում էր գտնել շշի հատակում: Հարբած ժամանակ անկումային տրամադրությունը փոխարինվում էր բարձր տրամադրությամբ, ճնշվածությունը` ագրեսիայով, երկչոտությունը` վայրագ ակտիվությամբ, լռակյացությունը` չարախոսությամբ: Ըստ կնոջ նման պահվածքի առիթ կարող էր դառնալ հարեւանի կամ հեռու բարեկամի ամենաչնչին հաջողությունը, որը զայրացնում էր նրան, առիթ տալիս խմելու եւ զայրույթը պարպելու տան անդամներից ամենաթույլ օղակի` կնոջ կամ երեխայի նկատմամբ: Կինը բազմիցս փորձել է հեռանալ, սակայն ետ է վերադարձել ամուսնու հորդորներից, որ ամեն ինչ կփոխվի եւ ֆինանսական կախվածությունից ելնելով:
Սակայն վերջին ժամանակահատվածում դատելով ամուսնու վարքագիծը կինը համոզվել է, որ այլեւս լավատեսության ոչ մի առիթ չկա ընտանիքը փրկելու առումով: Ամուսնու պատճառով երեխան դարձել է անկառավարելի, ագրեսիվ, դեստրուկտիվ: Հայտնվելով անելանելի վիճակում Ալլան դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ իրավաբանական ծառայության միջոցով փորձում լուծել ամուսնալուծության, երեխաների խնամքի եւ ալիմենտի հարցերը:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:




























