Հոկտեմբերի 14-ին Վայոց Ձորի Արփի եւ Գլաձոր գյուղական համայնքներում անցկացվեցին գյուղապետի ընտրությունների վերաքվեարկություններ:
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, այս երկու համայնքներում գյուղապետերի սեպտեմբերի 23-ի հերթական ընտրություններն անվավեր էին ճանաչվել:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, Արփիում ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Գրիգոր Գրիգորյանը ստացել է 431, ինքնաառաջադրված ՀՀԿ անդամ Գագիկ Հովսեփյանը` 320 քվե:
Արփիի 947 ընտրողներից վերաքվեարկությանը մասնակցել են 757-ը: 6 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Գլաձորում գործող գյուղապետ, ՀՀԿ-ի թեկնածու Անդրանիկ Մարտիրոսյանը ստացել է 673, ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը` 667 քվե:
Գլաձորի 1 994 ընտրողներից վերաքվեարկությանը մասնակցել են 1 368-ը: 27 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ Արփի համայնքի սեպտեմբերի 23-ի քվեարկության նախնական արդյունքներով գործող գյուղապետ Գրիգոր Գրիգորյանը եւ Գագիկ Հովսեփյանը համապատասխանաբար ստացել էին 347 եւ 344 քվեներ:
Գլաձորում գործող գյուղապետ Անդրանիկ Մարտիրոսյանը եւ ինքնաառաջադրված անկուսակցական Արմեն Մովսիսյանը ստացել էին 587-ական քվեներ:




























