«Թռչկան» եւ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունները բաց նամակով դիմել են Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին` մի շարք հարցեր բարձրացնելով:

«Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով  ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչեւ արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված որսագողության դեպքի բացահայտման, իրական մեղավորներին հայտնաբերելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելը:

Ավաղ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմը՝ Ձեր ղեկավարությամբ, մինչեւ օրս որեւէ ռեալ քայլ չի ձեռնարկել վերոնշյալ պահանջների կատարման ուղղությամբ. քարե շինությունը դեռեւս շարունակում է մնալ արգելոցի տարածքում, Գիլան կոչվող բնակավայրի բնակիչները շարունակում են հատել արգելոցի տարածքը՝ փաստացի խախտելով արգելոցի պահպանման ռեժիմը, հակահրդեհային ճանապարհ ունենալու անվան տակ ծանր տեխնիկայի միջոցով հեռացվել է հողի բերրի շերտը եւ ավոտճանապարհ բացվել (վնասվել է լանդշաֆտը, ստեղծվել է սողանքավտանգ իրավիճակ, որը հետագայում հորդառատ անձրեւների եւ ձնհալի դեպքում անդառնալի վնասներ կհասցնի արգելոցին):

Վերոնշյալ կարեւորագույն հիմնախնդիրներին անդրադառնալու եւ իրավական լուծումներ տալու փոխարեն, դուք, որպես պետական լիազոր մարմնի ղեկավար, նպատակահարմար եք գտել աշխատանքից ազատել միայն «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, երկարամյա աշխատանքային փորձ ունեցող Վ. Բարսեղյանին եւ մի շարք աշխատակիցների, իսկ այլ աշխատակիցների ենթարկել կարգապահական տույժերի: Բայց նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը շարունակում է պաշտոնավարել, այն դեպքում, երբ որսագողությունը կատարվել էր տվյալ տեղամասում եւ նրա պաշտոնավարման ժամանակ: Զարմանալի է, թե ինչու աշխատանքից չեք ազատել ժ/պ Թամազյանին եւ Կաքավաբերդ տեղամասի պետին: Կատարվածն արդեն ապացուցում է տնօրենի ժ/պ Թամազյանի եւ Կաքավաբերդ տեղամասի պետի ոչ պրոֆեսիոնալ ու թերի աշխատանքը:

Ի դեպ, հարկ ենք համարում նշել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա շենքի ապամոնտաժման հարցի լուծման վերաբերյալ ս. թ. հուլիսի 30-ին Ձեր կողմից անցկացված աշխատանքային քննարկումից մի քանի օր հետո մեզ հայտնի դարձավ, որ ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը գտնվում էր արձակուրդում: Այսինքն այն ժամանակ, երբ արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանը եղել է արձակուրդում եւ նրա փոխարեն Ձեր կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մասնագիտությամբ շինարար Հ. Թամազյանը, ում, ըստ պտտվող լուրերի, պատրաստվում եք հաստատել այդ պաշտոնում, կատարվել է որսագողություն եւ արգելոցի ռեժիմի խախտում:

Փաստորեն, արգելոցի տարածքում Կարմիր գրքում գրանցված կենդանիների սպանդը կատարվել է հենց այս անձնավորությունների՝ արգելոցի տնօրենի ժ/պ Թամազյանի եւ Կաքավաբերդի տեղամասի պետի պաշտոնավարման ժամանակ, այն պետի, ով նաեւ փաստացի տնտեսական գործունեություն է ծավալում արգելոցի տվյալ տեղամասում: Կաքավաբերդի տեղամասում ներկայումս առկա է հսկայական հնձված արտեր, մեղվապահության համար նախատեսված հնարավորություն եւ տեղադրված փեթակներ, ընտանի կենդանիներ, որոնք արածում են տվյալ տեղամասում:

Այսպիսով, բազմաթիվ հարցեր են առաջանում, ինչու արգելոցի տնօրեն Վ. Բարսեղյանին անհրաժեշտ պահին արձակուրդ ուղարկելու եւ հետագայում աշխատանքից ազատելու մասին հրամաններ արձակեցիք, ինչու արգելոցի տնօրենի եւ տեղամասերի պետերի միջեւ անհավասար մոտեցում ցուցաբերեցիք, արդյո՞ք, ազատվելով արգելոցի տնօրեն Վ.Բարսեղյանից եւ մի քանի շարքային աշխատողներից եւ պահպանելով Կաքավաբերդ տեղամասի պետին, գտել եք արգելոցի փրկության եւ նրա ներսում առկա հիմնախնդիրների հնարավոր իրավաչափ լուծումներից մեկը:

Ելնելով սույն հարցի հանրային նշանակությունից, պահանջում ենք մեզ տրամադրել պարզաբանում հետեւյալ հարցերի վերաբերյալ՝

1) Ե՞րբ, որքա՞ն ժամանակով եւ ի՞նչ հիմքով է արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանը մեկնել արձակուրդ:

2) Ի՞նչ նպատակ էր հետապնդում արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Բարսեղյանին կարեւոր պահին արձակուրդ ուղարկելու մասին հրաման կայացնելը, այնուհետեւ՝ աշխատանքից ազատելը, որքանո՞վ են հիմնավորված Ձեր կողմից կայացված այդ հրամանները, արդյո՞ք դուք դրանով վտանգի տակ չեք թողել արգելոցը:

3) Ինչո՞ւ է մինչեւ օրս շարունակում իր պաշտոնին մնալ նույն արգելոցի Կաքավաբերդ տեղամասի պետը, որքանո՞վ է նրա այդ պաշտոնին մնալը հիմնավոր եւ նպատակահարմար:

4) Արդյո՞ք Ձեր մեղքի բաժինը չեք տեսնում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության ռեժիմի խախտման եւ բարձիթողի վիճակի համար, եթե ոչ, ապա հիմնավորեք թե ինչու՞ չեք տեսնում»: