Հոկտեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարի բացմանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե, ողջունելով կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանին, համագումարի կազմակերպիչներին ու մասնակիցներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ու օրհնությունը բերեց նրանց: Նորին Սրբությունը բարձր գնահատեց կոնգրեսի աշխատանքները. «Այսօր, հիմնադրումից շուրջ մեկ տասնամյակ անց, գոհունակություն է Մեզ համար հաստատել, որ Կոնգրեսը նշանակալի իր աջակցությունն է բերում Հայաստանի եւ Արցախի տնտեսական, գիտակրթական եւ մշակութային զարգացմանն ու առաջընթացին, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համազգային ջանքերին»:
Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաեւ աշխարհում ընթացող քաղաքական ու տնտեսական զարգացումների հետեւանքով հայ ժողովրդի առջեւ հարուցված նոր խնդիրներին, որոնք պահանջում են համատեղ ջանքեր ու գործակցություն: «Այսօր համայն հայության հայացքը մտահոգությամբ ուղղված է դեպի Սիրիա, որտեղ շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում ծանր ու անդառնալի կորուստներ է կրում սիրիահայ պատմական համայնքը: Սիրիահայությանը հույս եւ ապավեն են հայրենի մեր պետության, համայն մեր ժողովրդի, ազգային կազմակերպությունների, նաեւ` Համաշխարհային Հայկական Կոնգրեսի սատարումն ու զորակցությունը£ Դժվարությունների մեջ հայտնված մեր եղբայրներին ու քույրերին մատուցվող նյութական, քաղաքական ու բարոյական աջակցությունը արտահայտում է նաեւ հավատքն ու ազգասիրությունը մեր ժողովրդի, փորձություններն ու մարտահրավերները միասնաբար հաղթահարելու անսասան կամքը, որոնցով պայքարել ենք եւ կերտել մեր մեծագույն հաղթանակները», - ասաց Նորին Սրբությունը` աղոթելով, որ խաղաղությունը շուտով հաստատվի Սիրիայում եւ սիրիահայ կյանքում:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Համաշխարհային հայկական կոնգրեսի անդամներին մաղթեց աննկուն հավատքով, աննվազ եռանդով ու նախանձախնդրությամբ շարունակել իրագործել ազգօգուտ եւ աստվածահաճո իրենց առաքելությունը` արձանագրելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` առավել բարեզարդելու ու պայծառացնելու հայ կյանքի օրհնյալ անդաստանը:




























