«ՀԱՅԱՍԱ» երիտասարդական հասարակական կազմակերպությունն իրականացրել է «Բոլորս դեպի Լաստիվեր» արշավ-ծրագիրը, որին մասնակցել են Հայաստանում գրանցված բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

«Հայասա»-ի հիմնական նպատակն էր` համախմբել ՀՀ ազգային փոքրամասնությունների երիտասարդներին եւ միահամուռ ուժերով անցնել խոչընդոտներն ու բարդությունները: Արշավ-ծրագիրն ընթացել է կազմակերպության տարբեր ազգությունների անդամների դրոշների ուղեկցությամբ, որի ընթացքում խումբը միահամուռ ուժերով հաղթահարեց Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկի՝ Լաստիվերի բնության խոչնդոտները :

«Բարդությունների կամ խոչընդոտների ժամանակ մարդիկ իրար ավելի լավ են սկսում ճանաչել: Այս արշավը կարծես ամբողջացրեց Հայաստանում բնակվող տարբեր ազգությունների ընկերությունը, ինչպես նաեւ ամրացրեց կապերը: «Հայասա»-ն եւս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է տարբեր ազգություններին հավաքել միեւնույն նպատակի շուրջ եւ այն իրականացնել առանց որեւէ ազգամիջյան կոնֆլիկտի»,-իր կարծիքն է հայտնել «Հայասա» կազմակերպության հիմնադիր նախագահ Սուրեն Մկրտչյանը:

Նշենք, որ «Հայասա» կազմակերպության նպատակն է Հայաստանի ազգային փոքրամասնությունների միավորումը, ինչպես նաեւ միջազգային մակարդակով նրանց զարգացումն ու ինտեգրումը: