Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ֆրանսիական «Ալիանս Ֆրանսեզ» հասարակական կազմակերպության նոր ուսումնական մասնաշենքի բացմանը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Կառավարության մամուլի ծառայությունից, Կառավարության ղեկավարը շրջել է մասնաշենքով՝  ծանոթացել վերջինիս կրթական հնարավորություններին եւ ծրագրերին: «Այսօրվա մեր հանդիպումն ունի երկու խորհուրդ. Հայաստանը պաշտոնապես դարձավ Ֆրանկոֆոնիայի համաշխարհային ընտանիքի լիիրավ անդամ, իսկ հայաստանյան «Ալիանս ֆրանսեզ»-ը բացեց իր նոր մասնաշենքը, ինչը հնարավորություն կտա լավագույնս շարունակել կազմակերպության գործունեությունը: Համոզված ենք, որ «Ալիանս ֆրանսեզ»-ի միջոցով հնարավոր կլինի խթանել նաեւ մեր երկրի եվրաինտեգրման գործընթացը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:  

Վարչապետը հավաստիացրել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկրում ֆրանսերենի տարածման գործում: Կառավարության ղեկավարը շեշտել է, որ հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք է տածում Ֆրանսիայի նկատմամբ, ինչը լավ հիմքեր է ստեղծում մեր երկրում Ֆրանկոֆոնիայի շարժման լայն տարածման համար:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի տարածքում 10 տարվա գործունեությունից հետո «Ալիանս Ֆրանսեզ»-ը տեղափոխվել է Մոսկովյան 3 հասցեում գտնվող նոր մասնաշենք: «Ալիանս Ֆրանսեզ»-ի նպատակն է ընդլայնել իր գործունեությունը եւ մատչելի լինել ավելի լայն հասարակության համար՝ առավել ընդարձակ տարածքում:  Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են՝ լեզվի ուսումը, ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, Ֆրանսիայի մշակույթի տարածումը: